Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի հիմնադրամի տեղական կառույցների կողմից։
«Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի եւ Արցախի առողջապահական ոլորտին, կարեւոր է նաեւ ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ գտնվող մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաեւ տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Ի հավելումն այս աջակցության, ընհանուր առմամբ 10 հազար ԱՄՆ դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթոնք» եւ «Արարատ» օրաթերթերին, ինչպես նաեւ «Վանայ Ձայն» ռադիոկայանին։
Հիշեցնենք նաեւ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019 թվականի դեկտեմբերին Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների էր փոխանցել 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։
Նշենք, որ ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձեւավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն եւ փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմվելով ընդհանուր ինքնության վրա։