կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-21 15:01
Արցախ

Սա այն եզակի դեպքերից է, երբ յուրաքանչյուրս կարող ենք փրկել նաև բուժաշխատողի կյանք. Արայիկ Բաղրյանի շնորհավորական ուղերձը

Սա այն եզակի դեպքերից է, երբ յուրաքանչյուրս կարող ենք փրկել նաև բուժաշխատողի կյանք. Արայիկ Բաղրյանի շնորհավորական ուղերձը

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Այսօր, բոլոր ժամանակների ամենապահանջված մասնագետի՝ բժշկական աշխատողի տոն օրն է:

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Գաղտնիք չէ, բուժաշխատողի աշխատանքը բարդ է, առհասարակ և հատկապես բարդ է այսօր: Համավարակի պայմաններում առողջապահության համակարգը առերեսվում է իսկական մարտահրավերների: Բուժաշխատողները կատարում են ահռելի ծավալով աշխատանք՝ «առաջնագծում» ամենօրյա թեժ պայքար տանելով տակավին չբացահայտված վարակի հետ՝ վտանգելով սեփական կյանքը:

Շնորհակալություն Ձեր անձնվեր աշխատանքի, մարդասիրության համար, և ամենակարևորը մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում ցուցաբերած մեծ պատասխանատվության համար:

Սիրելի բուժաշխատողներ, միասին մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել՝ համատեղ ջանքերով կյանքի կոչելով բազմաթիվ ծրագրեր և նպատակներ: Վստահ եմ, մեկտեղելով ուժերը՝ հետևողական աշխատանքի արդյունքում առողջապահության համակարգը կունենա էլ ավելի նշանակալից ձեռքբերումներ և հաղթանակներ:

Վստահ եմ նաև՝ համավարակը շուտով կնահանջի և կյանքը կվերադառնա իր բնականոն հունին:

Համավարակով պայմանավորված այսօրվա ուղերձն իր բնույթով մի փոքր այլ է: Սա այն եզակի դեպքերից է, երբ յուրաքանչյուրս կարող ենք փրկել նաև բուժաշխատողի կյանք:

Հարգելի հայրենակիցներ, այսօր, երբ բուժաշխատողը իր ողջ ներուժը ծառայեցնում է բնակչության առողջության պահպանմանն ու վարակի դեմ պայքարին, մեզանից յուրաքանչյուրն պարտավոր է պահպանել վարակից պաշտպանվելու տարական կանոններ, չվտանգելու, թե իր և, թե բուժաշխատողի կյանքը:

Թանկագին բուժաշխատողներ, վերստին շնորհավորում եմ բժշկական համակարգի անխոնջ նվիրյալներիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում առողջություն, անվտանգ գործունեություն, ուժ ու կորով ձեր ամենօրյա բարդ ու պատասխանատու առաքելության մեջ: Առողջություն բոլորիս…»: