կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-23 11:28
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել արգենտինացի գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել արգենտինացի գործընկերոջ հետ

Մայիսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը գալիք ազգային տոնի կապակցությամբ՝ հաջողություն և բարօրություն մաղթելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆելիպե Սոլան վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և պատմական ամուր կապերով միահյուսված հայ-արգենտինյան համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Արգենտինայի հայ համայնքի կամրջող դերակատարությունը ինչպես Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի ամրապնդման և աշխուժացման, այնպես էլ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու գործում:

Ի թիվս երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ արտգործնախարարներն առանձնացրեցին առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը: 

Երկուստեք գոհունակությամբ նշվեց բազմակողմ ձևաչափերում առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ բարձր գնահատվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։

Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: