կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 17:40
Աշխարհ

Մինչ Ջոնսոնը բուժվում էր, Նեթանյահուն ասաց` ոչ. ԹԱՕ սարքեր չեն տվել. Axios

Մինչ Ջոնսոնը բուժվում էր, Նեթանյահուն ասաց` ոչ.  ԹԱՕ սարքեր չեն տվել. Axios

Իսրայելը մերժել է Մեծ Բրիտանիայի` թոքերի արհեստական օդափոխման սարքեր տրամադրելու խնդրանքը: Ընդ որում, ըստ ամերիկյան Axios լրատվական կայքի, դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորության` Covid-19 կորոնավիրուսով վարակված վարչապետ Բորիս Ջոնսոնը բուժում էր ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում. տեղեկացնում է yerkir.am-ը:

Կայքի տեղեկություններով` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, որը կառավարության ղեկավարի պարտականություններ է կատարում Ջոնսոնի բուժման ընթացքում, դիմել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին` խնդրելով մասնակի չեղարկել ԹԱՕ  սարքերի արտահանման արգելքի մասին որոշումը և մի խմբաքանակ ուղարկել Լոնդոն: Իսրայելի վարչապետը մերժել է` հիմնավորելով, որ իր երկիրն էլ այդ սարքերի դեֆիցիտ ունի:

Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից է: Ներկայումս Միացյալ Թագավորության առողջապահության ազգային ծառայությունը ունի 8000-ից ավելի ԹԱՕ սարք, սակայն Ջոնսոնի կառավարությունը մտադիր է նույնքան էլ ձեռք բերել տեղի արտադրողներից և արտաքին մատակարարներից:

Ապրիլի 17-ի տվյալներով` Մեծ Բրիտանիայում Covid-19-ով վարակվածների թիվը 103 հազարից ավելի է,  13729 պացիենտ մահացել է: