կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 14:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց նախագիծը տապալվեց․ կողմ 65, դեմ 0, ձեռնպահ 0

65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեով տապալվեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացում կատարելու մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Քվերակությունից առաջ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ իրենք դեմ են, իսկ իշխող խմբակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի, ԲՀԿ գործընկերներին առաջարկում է չմասնակցել քվերակությանը և նախագիծը չի ընդունվի, քանի որ ձայները բավարար չեն լինի ընդունման համար։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը որակում հնչեցրեց․ «Էծի պարը կամրջին է բռնում»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով թույլատրվում է արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին օրինագծին։ Հանրային շրջանակները ևս դատապարտեցին օրինագիծը՝ այն համարելով մարդկանց վերահսկելու մեխանիզմ։

Առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում որոշակի փոփոխություններ կատարվեցին։

Նշենք, որ երեկ առաջին ընթերցման քվեարկությունից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը ֆեսբուքյան գրառմամբ խոսել էր քվեարկությանը չմասնակցելու միջոցով օրինագիծը տապալելու մեխանիզմի մասին, որը նախկինում մի քանի անգամ կիրառել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․