Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկան, եկան՝ խնամոնք եկան: Խնամոնք լավ տեղ հասա՞ն
Հենց կորոնավիրուսի մի նոր դեպք է ի հայտ գալիս, ամենաբարձր մակարդակով նորից հիշում են հայտնի նշանդրեքը: Մի նշանդրեք, որն ուղղակի փրկել է այս տարօրինակ վարքագծով իշխանություններին, որոնք պետք է շնորհակալություն հայտնեն այդ կնոջը իշխանության անգործության ու անպատասխանատվության մեղքը փաստացի իր վրա «վերցնելու» համար։
Առաջին օրից գործնական դաշտ տեղափոխվելու և Իտալիայից ժամանածներին կարանտինի ենթարկելու փոխարեն, պարգևատրման գծով աշխարհի չեմպիոնները զբաղված էին քարոզարշավով: Հիշենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ կորոնավիրուսը այդքան էլ վտանգավոր չի և հատուկ գործողությունների կարիք չկա: Իսկ Նիկոլ Փաշինյանն ակտիվ քարոզարշավային աֆեկտի ազդեցության տակ բոցաշունչ ելույթներ էր ունենում: Նա քամահրանքով էր խոսում, թե բա կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կհանենք և օղիով դեզինֆեկցիա կանենք: Իսկ հետո խոստովանեց, որ երբ տեսավ մեղրեցի վարակված քաղաքացու հետ տեսանյութը, ապա ոչ միայն ունեցավ ջերմության բարձրացում, այլ իրար վրա թեստեր հանձնեց։
Ինչևէ, բանը հասավ նրան, որ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն: Թողենք այս երևույթը, դրան դեռ կանդրադառնանք։ Հիմա նորից խոսենք Էջմիածնի նշանադրությունից և այն տիկնոջից, որին անընդհատ հիշում են:
Պարոնայք իշխանավորներ, ինչու՞ չեք զսպում ձեր կողմնակիցներին և կոչով հանդես չեք գալիս մնալ չափերի մեջ: Չի կարելի անընդհատ թիրախավորել այդ մարդկանց, չի կարելի անընդհատ նույնն ասել, որ եթե այդ տիկինը չգար՝ վիրուսը չէր տարածվի, եթե նշանդրեք չանեին՝ վիրուսը չէր տարածվի, եթե երկու երիտասարդ չորոշեին ամուսնանալ՝ վիրուսը չէր տարածվի, եթե բարեկամներին չհրավիրեին՝ վիրուսը չէր տարածվի:
Դե որ «եթե»-ներով ենք շարժվելու, ապա եկեք ասենք, որ եթե Նիկոլն ու Տաթեւիկը «Ռայն էյրը» չբերեին, ապա վիրուսը չէր գա Իտալիայից։ Հիմա Ռայն էյրը չկա, իսկ վիրուսը մնացել է: Բա ու՞ր է «Ռայն էյրը», ինքը չի գալի՞ս, մենք չենք թողե՞լ, թե՞ եվրոպական որոշ երկրներ պարզապես վռնդել են «խնամոնց»:
Կորոնավիրուսն արդեն սկսել էր համաշխարհային արշավը, իսկ ոմանք հրճվում էին 35 եվրոյանոց տոմսերով և գովաբանում թռիչքը՝ վարակի եվրոպական էպիկենտրոն՝ Միլան։ Ընդամենը ճիշտ և սթափ որոշումների կայացումը կարող էր լրիվ այլ իրավիճակ ձևավորել։
Օգտվելով առիթից կոչ ենք անում բոլորին այլևս «Էջմիածնի նշանդրեք», «էջմիածինցի տիկին» բառակապակցությունները չօգտագործել, իսկ նշանվածներին մաղթում ենք բարի բախտ, թող ամուր ընտանիք դառնան և սա լինի իրենց կյանքի միակ փորձությունը:
Սակայն սա դեռ ամենը չէ։ Հենց այն պահին, երբ Եվրոպայում մոլեգնում է համավարակը և պետություններ ամբողջությամբ անցել են կարանտինի, Հայաստանը զբաղված է հաջորդ «խնամիներով»՝ «Վիզ Էյր» ավիաընկերությունը իրականացնում է Երևան-Վիեննա-Երևան չվերթը։
Հիմա եթե Ավստրիայից վարակի նոր աղբյուր բերենք, կարո՞ղ է այս անգամ էլ ասենք Շտրաուսն է մեղավոր։
Առո՛ղջ եղեք: