կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 13:31
Առանց Կատեգորիա

Հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով. պարզաբանում

Հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով. պարզաբանում

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով. հայտնում է Yerkir.am-ը:

«Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։

Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»,- գրել է Նիկողոսյանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: