կարևոր
4438 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-04 09:10
Քաղաքական

Հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով․ «Հրապարակ»

Հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպումը։ Ալիեւը Մյունխենում խոստացել էր բանակցող նշանակել եւ նշանակել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին։ Ներկա է եղել նաեւ «Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի» ղեկավար Մասիմ Մամեդովը։ Հայկական կողմից մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱԽ նախկին աշխատակից Սերգեյ Մարտիրոսյանը եւ Կաշենի հանքի տերը։ Ներկա է եղել նաեւ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Թեեւ «Արցախպրեսը» հաղորդել է, որ «Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադասին եւ առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին», սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։

Ադրբեջանցիները փորձել են խոսակցությունը տանել «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցերի» ուղղությամբ, հետագայում նման տեղեկատվություն են հրապարակել, սակայն իրականում հայկական կողմը հրաժարվել է քննարկել «քաղաքական հարցեր»՝ նշելով, որ այդ հարցերի քննարկման համար կան հատուկ ձեւաչափեր, մեկը Մինսկի խումբն է, մյուսը՝ եռակողմ հանդիպումների ֆորմատը, իսկ իրենք լիազորված են միայն միջանցքի բացման, գազի ու հոսանքի մատակարարման վերականգնման եւ առավելագույնը՝ Կաշենի եւ Դրմբոնի հանքերում ադրբեջանական մեկանգամյա շրջայցի կազմակերպման հարցերը քննարկելու։

Ըստ էության, հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով, եւ ապագա հանդիպումների մասին էլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա  համարում։