Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 3-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմինե Հարությունյանը և Սուրեն Շինդյանը նախընտրական հանդիպումներ են ունեցել Հադրութի շրջանի մի շարք գյուղական համայնքերի բնակիչների հետ: Թեկնածուներին նախ ներկայացրել է Հադրութի շրջանի Կոմիտեության ներկայացուցիչ Լևոն Հայրիյանը:
Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածուները համագյուղացիների հետ միասին առաջին հերթին այցելել են Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող կոթողներ, ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց մարտական ընկերներին:
Արցախի համապետական ընտրություններին մասնակցելու որոշումը Դաշնակցությունը կայացրել է հստակ ու իրատեսական նպատակադրումներով: Այս մասին Դրախտիկ գյուղի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կուսակցությունն իր որոշումներն ընդունում է կոլեգիալ, իսկ ծրագրերն իրագործում՝ բոլոր օղակների ներդաշնակ ու համահունչ գործունեությամբ: Ըստ այդմ, ընտրողները կարող են վստահ լինել, որ Դաշնակցության օգտին իրենց քվեները չեն փոշիանալու: Այնուհետև ներկայացնելով ԱՀ Նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի մարտական ուղին ու քաղաքական կենսագրությունը: Լ. Հովհաննիսյանը նշեց, որ նախընտրական ծրագրի դրույթները Դաշնակցության ընդհանուր ծրագրի բաղկացուցիչն է:
Իր խոսքում, Դավիթ Իշխանյանը նշեց, որ Դաշնակցության նախընտրական ծրագիրը կազմվել է մասնագիտական խորհրդակցությունների և կոլեգիալ քննարկումների արդյունքում: Ուստի, կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները հստակ են պատկերացնում ծրագրում տեղ գտած հիմնադրույթներով առաջարկվող լուծման ուղիները: Առաջնահերթությունն ունենալով Արցախի անվտանգության ամրապնդումն ու տարածքային ամբողջականության պահպանումը: Այս համատեքստում Դ. Իշխանյանը կարևորել է Ազգ-Բանակ հայեցակարգի իրագործումը, որը նույնպես ծրագրի առաջնահերթությունների շարքում է: Դաշնակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է սոցիալական հիմնախնդիրների լուծման ամբողջական փաթեթ: Հեռանկարում՝ սոցիալական պետությունն է՝ երկրի սոցիալ տնտեսական բնագավառներում իր կարգավորող դերակատարությամբ: Նածագահի թեկնածուն մասնավորապես պետական կարգավորումների անհրաժեշտություն է տեսնում փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: Ըստ Դ. Իշխանյանի, նմանօրինակ կարգավորումների անհրաժեշտություն է զգացվում մասնավորապես պետական գնումների համակարգում: Պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պիտի պահվի հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը: Այս առումով պետական կարգավորումները, ըստ Դաշնակցության տեսլականի, ներդրվող ֆինանսական միջոցների համաչափ բաշխումն է՝ բնակավայրերում զարգացման նպատակային ծրագրերի իրագործման համար:
-Դաշնակցությունը գիտակցում է այն պատասխանատվության բեռը, որը բխում է նախընտրական ծրագրով առաջարկվող իրական ու իրատեսական բարեփոխումներից: Ընտրողների վստահության համապատասխան քվեների առկայության պարագայում, քաղաքական ուժն ունի համապատասխան ներուժ, քաղաքական կամք ու վճռականություն դրանք իրագործելու համար,- վստահեցրել է Դ. Իշխանյանը՝ անդրադառնալով նաև կրթության որակի բարձրացմանը, երիտասարդների ինքնադրսևորման հնարավորությունների ընձեռմանը վերաբերող ծրագրերին:
Դաշնակցության ծրագրով նախատեսվում է Արցախյան ազատամարտի վետերաններին համար թոշակի անցնելուց հետո սահմանել այնպիսի պարգևավճարներ ու հավելավճարներ, որոնք համահավասար կլինեն զինվորական կենսաթոշակի չափին: Այս մասին ասաց պատգամավորության թեկնածու Արմինե Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև Դաշնակցության այն ծրագրային դրույթին, որը վերաբերում է բնակարանային ապահովմանը: Մասնավորապես հիպոթեքային վարկի մարման գումարը հնարավորինս մատչելի կդռանա տարիներով բնակարանի վարձ վճարող քաղաքացիների համար: Նախատեսվում է հիպոթեքային վարկի մարման ամսական գումարը մոտ 200 հազար դրամից նվազեցնել՝ հասցնելով 100 հազար դրամի:
Այնուհետև, ԱԺ պատգամավորության թեկնածուն ներկայացրեց Դաշնակցության նախնըտրական ծրագրի սոցիալական այն բաղադրիչները, որոնք նախատեսում են աշխատավարձերի ու կենսաթոշակների համապատասխանեցում սպառողական նվազագույն զամբյուղին, ինչպես նաև շարունակական բարձրացում:
-Դաշնակցության ծրագրերը հեռահար են և նպատակաուղղված են լինելու հասարակության բոլոր խավերի համար արժանապատիվ կյանքի ապահովմանը,- նշել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ մեծամասամբ դրանց իրագործման գրավականը առաջիկա ընտրություններում ստացած վստահության աստիճանով է պայմանավորված լինելու:
Դրախտիկում Դաշնակցության թեկնածուների հանդիպումը շարունակվել է անկաշկանդ մթնոլորտում կայացած երկխոսությամբ, որի ընթացքում համայնքի բնակիչները հետաքրքվել են մասնավորապես բարձրագույն կրթության մատչելիության ու որակի բարձրացման, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման ծրագրերով: Ի պատասխան հարցադրումներին, պատգամավորության թեկնածու, Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի դասախոս, գ.գ. թեկնածու, դոցենտ Սուրեն Շինդյանը նախ նշել է, որ գյուղատնտության մեջ պետական ներդրումները նպատակաուղղվում են ֆերմերային մեծ տնտեսությունների և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը, մինչդեռ գյուղացիական մանր տնտեսությունները մնում են ստվերում: Բացի այդ չեն ստեղծվում գյուղմթերքի իրացման հնարավորություններ՝ վերամշակող ձեռնարկությունների ու իրացման կետերի միջոցով: Բացի այդ, թեկնածուն կարևորել է նաև գյուղատնտեսական որակյալ մասնագիտական կրթությամբ համապատասխան ներուժ ձևավորելու խնդիրը: Այս հիմնախնդիրների լուծումները ևս ընդգրկված են Դաշնակցության նախընտրական ծրագրում: Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն էլ հավելել է, որ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիրը Դաշնակցության օրակարգում է: Տեսլականում համապատասխան մասնագիտական ուսումնասիրությունների անցկացումն է, իսկ այդուհետ՝ գյուղատնտեսությանն ուղղվող ֆինանսական միջոցների ու նպատակային ներդրումները:
Դաշնակցության թեկնածուների՝ օրվա նախընտրական հանդիպումների հաջորդ կանգառները Ազոխի և Մեծ Թաղերի գյուղական համայնքներում էին:
Նախքան Մեծ Թաղերի բնակչության հետ հանդիպումը, Արցախյան ազատամարտի նահատակների հուշակոթողի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց հետո, թեկնածուները այցելել են նաեւ հինավուրց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:
Համայնքի բնակչության հետ հանդիպմանը թեկնածուները ներկայացրել են նախընտրական ծրագիրը, որից հետո ծավալվեց անկաշկանդ երկխոսություն:
Մասնավորապես Մեծ Թաղերի բնակիչներին հետաքրքրում էին հաշմանդամ ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, համայնքում բնակության եկած մասնագետներին վերաբնակչի կարգավիճակ տալու, բնակարանային ապահովման ու պետական աջակցության արդարացի բաշխման վերաբերյալ հարցեր:
Տող գյուղում, Դաշնակցության թեկնածուները ընտրողների հետ հանդիպումից առաջ, նախ հարգանքի տուրք մատուցեցին իրենց մարտական ընկերների՝ Արմեն Գասպարյանի եւ Վիգեն Գրիգորյանի շիրիմներին:
Հադրութի շրջանի համայնքներում Դաշնակցության թեկնածուների օրվա նախընտրական հանդիպումների շարքը եզրափակվել է Տումի գյուղական համայնքում:
Վան Նովիկով