Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ
Գրառումս խնդրում եմ, որ կարդան հատկապես նրանք, որոնք հաճախ են անթաքույց, անգամ չարախինդ մեղադրանքներ հնչեցնում ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ հասցեին՝ մեզ մեղադրելով ԱՆՑՅԱԼԻՆ քաղաքական գնահատական չտալու համար:
Այսօր մարտի 1-ն է, ու որքան էլ տարօրինակ, արդեն տասներկու տարի այս օրը մեզ համար չի նշանավորվում որպես գարնան ու զարթոնքի առաջին օր:
Մեր պատմությունից այս դառն ու ցավոտ էջն՝ իր անդառնալի մարդկային, քաղաքական, բարոյական և պետական կորուստներով, երբեք չի ջնջվի:
Բայց, իր հյուծող ու ինքնասպան ներկայությամբ այն ամեն նաև ներկա է՝ խարխլելով արժեքներ, հավատ, ինստիտուտներ: Ես, անկեղծորեն, շատ պիտի ուզենայի, որ այս էջը փակած լինեինք, փակած լինեինք մեր վերքերի տեղն իմանալով, իմաստուն դասերով, առաջ նայելով, պետականություն ամրացնելով, Արցախի հաղթանակն ու նրա համար թափած արյունը արժևորելով:
Բայց՝ ոչ, մարտի 1-ը մեր պետականության ոտքերից կախված ծանր կշռաքարերի պես այսօր էլ շարունակում է մեզ հատակում պահել, դառնության, մաղձի, վրեժխնդրության ու քաղաքական մանիպուլյացիաների ցանցում պատանդ պահելով պետականությունը, երկրի հեռանկարը, ի վերջո՝ ողջ ճշմարտությունը… Տասներկու տարի անց էլ թշնամիներ, սևեր ու սպիտակներ…բարիկադները, երկրի հոգեբարարոյական մթնոլորտը նույնն է, ամլացնող ու ոչնչատեսիլ…
Տասներկու տարի առաջ՝ նախագահական ընտրություններին մեր թեկնածուն Վահան Հովհաննիսյանն էր: Քարոզարշավի ողջ ընթացքում զգում էինք առճակատման վտանգը. ամեն գնով հաղթելու մոլուցքից արյան հոտ էր գալիս: Իրավիճակը լիցքաթափելու Վահանի և Դաշնակցության հորդոր-կոչերը անարձագանք մնացին: Մեզ չհաջողվեց, պարտվեց ողջախոհությունը, ճաքեց երկրի ողնաշարը …
2008թ փետրվարի 22-ին, ՀՅԴ ԳՄ-ի դահլիճում ՀՀ Նախագահի թեկնածու Վ. Հովհաննիսյանն ընթերցեց մեր հայրենակիցներին ուղղված իր խոսքը (ես կասեի ՈՂԲ-ը):
«Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական և բարոյական արժեքների վրա... կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է: ... Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։… Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն և հասկանան, թե ինչ հանցանք գործեցին և ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Իմ առաջադրումով և ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ինձ չհաջողվեց»:
Քար լռության մեջ մենք լսում էինք Վահանի խոսքն ու մեր բոլորի աչքերում դժվարությամբ թաքցված արցունք կար, մեր կոկորդներում քարացած դառնություն: Մենք մեր Վահանի, մեր կուսակցության վահանի պարտության համար չէինք թևաթափ…մերը ԵՐԿԻՐՆ էր, համառորեն չհասկացվող ՄԵՐ-ը: Մենք ցավում ու կանխազգում էինք մեր բոլորի պարտությունը, պետականության նահանջների ճամփան: Մարտի 1-ին մնացել էր յոթ օր…
Այսօր տասներկու տարի անց մարտի 1-ն է, իսկ զգացողություններս՝ ինչպես երեկ…Իսկ երեկ ես լսում էի այդ օրերի գաղտնազերծած մի հեռախոսազրույց ու լսածիցս կարկամած եմ մինչև այսօր…Պարզվում է արդար ընտրությունների համար պայքարի ղեկավարները տասը զոհեր տված օրվա վերջում ի վիճակի են ճաշակել Լֆիկի խանութից թալանած հավանաբար «հացուկալբասը», հիանալ այրվող ավտոմեքենաների իրողությամբ ու դեռ «Լավ ա, լավ» հաստատումներ անել:
Երեկ ուշ երեկոյան Սումգայիթյան ջարդերին նվիրված մի փաստագրական ֆիլմ էի նայում…1991-1992թթ թշնամու հակառակորդից ռմբակոծվող Ստեփանակերտի ավերակ պատկերներով: Ի՜նչ ծանր գին է ունեցել մեր հաղթանակն nւ ինչպես ենք պահում, չդադարող արցունքների միջից նայում եմ նկուղներում հացի կտոր կրծող վախեցած աչքերով երեխաներին, պատգարակների վրա մեռնող ազատամարտիկներին, «Հայաստանն է մեր թիկունքում» ասող հրամանատարին, ու հարցնում ինքս ինձ՝ ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ…
ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ…տվեք ձեզ այս հարցը, մանավանդ քաղաքական իշխանություն: ԵԹԵ ԱՆԳԱՄ ՉԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԿԱՄ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԵԼՔԸ, ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԱՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Բայց նախ ազատեք ձեզ ու երկիրը թշնամիներ որոնելու ձեր կործանարար մոլուցքից ու վրեժխնդրությունից:
Մարտ 1, 2020»։