Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետեւյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:
«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ եւ աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի բարձրացումների, անհասկանալի պարգեւավճարների տարափի մասին եւ այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի միջեւ տարբերությունը յոթնապատիկն է, իսկ զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի:
Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ պարգեւավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել:
Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ եւ արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու եւ լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է եւ անընդունելի:
«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, եւ հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի կայացմանը:
Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք ազատ, արդար, իրավական եւ համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»: