կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 18:53
Քաղաքական

ՀՅԴ-ն՝ պետականության կերտման ու բարգավաճման ակունքներում

ՀՅԴ-ն՝ պետականության կերտման ու բարգավաճման ակունքներում

Հաճախ ենք լսում այն մասին, որ հայկական իրականության մեջ վերջին 130 տարում յուրաքանչյուր հիշարժան, պատմական իրադարձության մեջ Դաշնակցությունն ունեցել է իր դերն ու նշանակությունը: Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է չափազանցություն թվալ: Սակայն, հպանցիկ ակնարկով անգամ նայելով հայոց նորօրյա պատմությանը, ցայտուն է դառնում Դաշնակցության նշանակությունը:

130 տարի առաջ, երբ հիմնադրվեց ՀՅԴ-ն, հայ ժողովուրդն ապրում էր ազգային զարթոնքի օրեր: Դաշնակցությունը կարողացավ համախմբել ազգային, հեղափոխական ուժերին թե՛ Արեւմտյան, թե՛ Արեւելյան Հայաստանում, իսկ դրա արդյունքում Դաշնակցությունը 20-րդ դարի քսանամյակի շեմին կարողացավ հիմնադրել Հայաստանի անկախ պետականություն, ապա մայր հայրենիքից վտարում, վտարանդի կյանք եւ հայ ազգի հայրենազրկման բեռը կրող Սփյուռքի հատվածներում հայապահպանության եւ Հայ Դատի ուղղությամբ անխոնջ պայքար: Իսկ մյուս կողմից, խորհրդային իշխանությունները հայ ժողովրդի թշնամի թուրքից առավել համարում էին Դաշնակցությանը եւ բոլոր հնարավոր միջոցներով պայքարում Դաշնակցության եւ նրա գաղափարախոսության դեմ:

Իսկ մերօրյա պատմության մեջ չի կարելի ուրանալ Դաշնակցության դերը Արցախի ազատագրական պայքարի եւ պետության կերտման ընթացքում:

Նույնիսկ պետական համակարգով օժտված շատ կազմակերպությունների գործունեությունը համեմատելի չէ Դաշնակցության կողմից իրականացվող աշխատանքների ծավալին եւ տարողությանը: Սփյուռքում մշակութային օջախների, հայեցի ազգային դաստիարակության, ինքնապաշտպանության, իսկ հայրենիքում պետական համակարգում աշխատող կուսակցության սահմանված դերը ստանձնելով՝ Դաշնակցությունն իր ուսերի վրա է առնում հայկական իրականության մեջ այնպիսի դերակատարում, որը չի կարող անտեսվել հայության հետ առնչություն ունեցող որեւէ մեկի  կողմից:

Հակառակ այն բանի, որ Դաշնակցությունը Հայաստանի Ազգային ժողովում չհաջողեց ներկայություն ապահովել, չի պակասում Դաշնակցության դերը հատկապես Սփյուռքի եւ արտաքին հարաբերությունների ոլորտներում:

Արցախի Հանրապետության եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի դերակատարությունն անուրանալի փաստ է: Հայ Դատի գրասենյակներն ու այդ ուղղությամբ աշխատանք տանող յուրաքանչյուր դաշնակցական Արցախի արտաքին դիվանագիտության աշխարհասփյուռ ներկայացուցիչներ են, ովքեր անխոնջ, մարմանդ աշխատանքով հայկական ազգային պահանջատիրությունն են ներկայացնում Եվրոպայի սրտից մինչեւ հեռավոր Ավստրալիա, Միջին Արեւելքից մինչեւ Միացյալ Նահանգներ: Դաշնակցությունն իր համահայկական ներուժով  զորավիգ է կանգնում Արցախի Դատին եւ իր մասնակցությունը բերում պետականության կերտմանն ու բարգավաճմանը:

«Ապառաժ»-ի խմբագրական,

13 փետրվարի, 2020թ.