կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-18 11:33
Հասարակություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի լրատվական ծառայությունից.

«2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետեւանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը hորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, փորձագետներին եւ «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական եւ քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու եւ մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետեւել պաշտոնական լրահոսին:

Բանակը մեր երկրի կայունությունն ապահովող հիմնական կառույցն է եւ այս կամ այն կերպ առնչություն ունի ոչ միայն պետության՝ որպես մեկ ամբողջության, այլեւ անհատապես մեզանից յուրաքանչյուրի հետ: Հասկանալի է հանրության բուռն արձագանքը ԶՈւ հետ կապված ցանկացած միջադեպի առնչությամբ, առանձնապես երբ մահվան ելքով դեպքեր են գրանցվում: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն եւ խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետեւություններ եւ հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու եւ հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից եւ անհիմն մեղադրանքներից, լինել զգոն եւ առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում եւ այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս:

Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ եւ ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, եւ մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջեւ դրված մարտական խնդիրները»,- ասված է հայտարարությունում: