կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-25 16:26
Իրավական

Արսեն Բաբայանն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Արսեն Բաբայանն արձագանքել է Փաշինյանի ելույթին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Քանի որ վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև իմ դեմ հարուցված քրեական հետապնդմանը, նշելով, որ պաշտոնական մեղադրանքի համաձայն օկուպացվել է սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, հիշեցի մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել էր 2018թ-ի ապրիլ ամսին:

Համաձայն պաշտոնական մեղադրանքի սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավորը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Նշված փաստերի առթիվ զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մինչ օրս մենք այդպես էլ չգիտենք, թե ինչ փուլում է այդ գործը:

Վերջում, հավանաբար, պետք է շնորհակալություն հայտնեմ, որ մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը և ես, նախապես ուժի մեջ մտած դատական ակտով, մեղավոր ճանաչվեցի ավելի մեղմ հանցավոր արարք կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: