Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գոյության գարանտը գիտակցությունն է
Սուտ, կեղծիք… ֆեյսբուքյան բառապաշարով ասած՝ ֆեյք, ֆեյքեր։ Սուտ և կեղծ էմոցիաներ՝ ֆեյք էմոցիաներ ու էմոցիոնալ ֆեյքեր․․․ Սրանք երևի այն բանալի բառերն են, որոնք կօգտագործվեին, եթե որևէ գիտական հոդված գրվեր Հայաստանի գործող իշխանության ի հայտ գալու, կենսագրություն չունեցող և անհայրենիք նորաթուխ պաշտոնյաների, նրանց կողմից վարվող քաղաքականության և առհասարակ նրանց գոյության մասին։
Իհարկե, աշխարհում այս հասկացությունները նոր չեն, դրանից օգտվող գործիչները՝ ևս։ Այդ թվում՝ գիտական-հանրամատչելի գրականություն՝ որքան ասես, թե ինչպես են կեղծիքի, լայն զանգվածներին ականջահաճո խոսքերով «կերակրելով», օրվա իշխանություններից տարբեր պատճառներով դժգոհ հասարակությունից էմոցիաներ, զգացմունքներ, ոգևորություն, արցունքներ կորզելով, կեղծ հավատ ու հույս ներշնչելով, դատարկ խոստումներ տալով իշխանություն զավթում։
Թերևս նրանց հենքը հենց էմոցիան է, որը կորզվեց ժողովրդի այն ստվար զանգվածից, ովքեր սեփական մարած լույսը վերստին վառելու հույս էին փնտրում իրենց աչքին գուցե անսովոր, բայց հույսի նշույլ խոստացող թրաշների, դուխով կեպկաների և ֆեյք հերոսների մեջ։
Հիշում եք, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի անվան տակ Փաշինյանը և իր թիմակիցները գտել էին մեկին ու բերել հազարավոր ցուցարարների առջև ելույթ էր ունենում։ Հերթական կեղծիքն էր։ Նրանք այդ քայլին գնացին, որպեսզի խաղան ժողովրդի զգացմունքների վրա։ Ու թքած ունեին, որ հերոս Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկը և ընտանիքի անդամները անակնկալի էին եկել տեղի ունեցածից ու ամբողջ գիշեր չէին քնել՝ փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են նման բան արել, ինչպե՞ս Փաշինյանը և նրա թիմակիցները, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները ընդհանրապես կարողացան նման բան իրենց թույլ տալ։
Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի տան ֆեյք տուշոնկեքի ու մարտի 1-ի բացահայտված լինելու շոուն թերևս չկայանար, եթե մարտկոցները չլիցքավորվեին էմոցիայի այն չափաբաժնով, որը կորզվել էր հենց իշխանափոխության օրերին ու հենց այն մարդկանցից, ովքեր վերջին մետաղադրամները հավաքելով մինչև Երևան հասնելու դիզվառելիք էին գնել։
Պարզվեց՝ Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժվել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ոմն մեկի կողմից։ Իրականությանը չհամապատասխանող այդ տեսանյութը՝ դպրոցականների կողմից ապրիլյան պատերազմի կռվող տղաներին ուղղված կեղծ նամակներով հանդերձ արվեց՝ հասարակության վրա ազդելու, էմոցիոնալ ֆոն ապահովելու էֆեկտ ստանալու նպատակով։
Ավելին, պարզվեց` տարիներ շարունակ նախկին ընդդիմություն-այսօրվա իշխանություն Փաշինյանը և նրա թիմակիցները, իշխանության հենարան հանդիսացող հասարակությանը հայտնի որոշ դեմքեր տարիներ շարունակ հենց դրանով են զբաղված եղել՝ սուտ, կեղծ լուրեր շրջանառելով, մարդկանց մոտ ատելություն ու զայրույթ առաջացնելով։
Իհարկե, նախկին իշխանությունները բազմաթիվ սխալներ ունեին, բազմաթիվ թերացումներ։ Կարող եմ ինքս բազմաթիվ սխալներ թվարկել։ Բայց այն, ինչ կատարվում է հիմա՝ քիչ է ասել, թե կարող է վտանգել ոչ միայն քաղաքացիներին, այլ առհասարակ պետությանը։
Ֆեյք ու իրականն իրարից զատվում են հենց իրենց գոյության երաշխիքով, որովհետև եթե առաջին դեպքում այդ երաշխիքը էմոցիան է, ապա երկրորդ դեքում դա անվիճելիորեն գիտակցությունն է, որը միշտ հաջորդում է էմոցիային։
Որոշ ժամանակ առաջ իշխանությունն ու ժողովուրդը միակարծիք էին, համերաշխ ու ինքնաբավ, այն պարզ պատճառով, որ երկուսն էլ գոյության նույն հենքի վրա էին՝ էմոցիա։ Բայց ժամանակն իրենն անում է․․․
Ժողովրդի մոտ ամեն բան գնում է բնական հունով, էվոլյուցիոն ճանապարհով, փոխվել է էմոցիան… հիմա գիտակցությունն է արթնացել… իսկ իշխանությունը գնալով կորցնում է իր հենքը, որովհետև այդ հենքը առողջանում է, բնականոն ճանապարհով էմոցիայից փոխադրվելով գիտակցական դաշտ․․․ Որովհետև կյանքը իրական է, իրականությունն է, որի հետ ամեն օր նրանք բախվում են ու տեսնում, որ խոստումներ տվող, նախկինների սխալները աչքները մտցնելով՝ արդարության կոչեր անող ներկայիս իշխանությունները լավ էլ տեղավորվել են այն «կոստյումի» մեջ, որը անվանում էին «Սերժի հագով կարված կոստյում»։
Պալատական կյանքից բյուջեից օգտվում են այնպես, ասես իրենք են դա վաստակել տքնաջան աշխատանքով, իսկ այն նույն ժողովրդին, որի վրա հենվելով եկան իշխանության՝ անվանում են պորտաբույծ, ծույլ, ուղեղներում աղքատություն ունեցողներ, «դիվանի» վրա նստողներ… Քննադատողներին անվանում են իրենց վատը ուզողներ, նախանձներ, որոնք թույլ չեն տալիս թանկարժեք ինքնաթիռներով, բյուջեի հաշվին շռայլ գնումներով վայելել ձեռք բերված իշխանությունը…
Ամեն բան իր հատուցման պահն ու պատժաչափն ունի․․․ այնպես, ինչպես ցանկացած հանցագործություն իր վկան․․․ Կեղծիքով, սուտ խոստումներով ժողովրդից կորզված էմոցիաները վերդարձնել հնարավոր չի լինի․․․ Ժողովուրդը գուցեև ների իշխանությունների սխալները, համբերատար կլինի, կսպասի, չի խանգարի, ուշի-ուշով կհետևի, բայց չի ների որևէ մեկին, ով իր էմոցիաները, ուրախության կամ տխրության արցունքները, հույս ու հավատը կկորզի ու կվաճառի դրանք… Ժողովուրդը թացն ու չորը, իրականն ու կեղծը տարբերում է ժամանակի ընթացքում և չի ների նրան, ով ստի ու կեղծիքի միջոցով խաղաց իր ազնիվ զգացմունքների, էմոցիաների, վշտի ու արցունքների, հավատի ու սպասումների հետ՝ հանուն իշխանական աթոռի, ցոփ ու շվայտ կյանքի… հանուն Մարիամիկի ու իր ընտանիքի անդամների ցոփ ու շվայտ կյանքի։
Ի՞նչ կանի ժողովուրդը։ Կծեփի պատերով ու իսկապես ասֆալտին կփռի»: