Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը մանրամասներ է հաղորդել դեպքի վայրից՝ կապված ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հետ` հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, նաև GLOCK տեսակի ատրճանակ. տեղում պարզել են, որ այն Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից օրինական պարգևատրման կարգով ստացած Գեորգի Կուտոյանի զենքն է։
«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին, պատերին կան վնասվածքներ։
Դեպքի վայրում քրեագետ, ԴՆԹ-հետազոտություն իրականացնող մասնագետ, քննիչներ և օպերատիվ աշխատողներ կան։
Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությանով։ Հետագայում արդեն փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել։
Քրեական գործը հարուցվել է այս պահին՝ ինչ որ ունենք, ձեռքի տակ եղած տվայլների փաստով։ Մի շարք զննություններ են արվել, տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցում են»,- տեղեկացրել է Արթուր Մելիքյանը։
Նա նշել է, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում. դատաբժշկական փորձաքննությամբ վաղն արդեն փորձագետներն ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը։ Ինչ վերաբերում է բնակարանի պատերին հայտնաբերված կրակոցների հետքերին, Արթուր Մելիքյանն ասել է, որ միայն ձգաբանական փորձաքննությամբ պարզ կդառնա, թե այն զենքը, որը հայտնաբերվել է, գնդակները դրանի՞ց են արձակվել, թե ոչ։
Տեղեկություն էր տարածվել, թե Գեորգի Կուտոյանի մոտ բացի զենքից հայտնաբերվել է նաև ոգելից խմիչք։ Այդ առնչությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է. «Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե ոչ»։
Դեպքի հետ կապված՝ նա այլ մանրամասներ էլ է հաղորդել․ հայտնաբերվել են 4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ։
«Գործով որևէ տվյալ չունենք, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Արտաքին զննությամբ հրազենային վնասվածքին բնորոշ քունքի շրջանում վնասվածք կա։ Դիմածնոտային շրջանում վնասվածք չկա։ Սրանից ավելին չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, ոչ թե թաքցնում եմ, ուղղակի չգիտեմ։ Այս պահին զննություն, հարցաքննություններ են կատարվում»,-ավելացրել է Արթուր Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Կուտոյանը նշանակվել էր 2016 թ. փետրվարի 12-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: