Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:
Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:
Կենսագրություն
Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30, 1981, Երևան), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն։
Կրթություն
1997-2002 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2002-2005 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
2007 թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
Աշխատանքային գործունեություն
2002-2010 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
2005-2006 թթ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
2006-2007 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։
2008-2010 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
2010-2011 թթ. - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
2011-2014 թթ. - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: