Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրաժարական տված՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի փոխարեն նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն այսօր արդեն հաստատվել է Պետդումայում, նախագահն էլ հրամանագիր է ստորագրել: ԴՀԾ ղեկավարի վաստակն են համարում միջազգային չափորոշիչների մակարդակով ծառայության աշխատանքի կազմակերպումը: Ինչո՞ւ Պուտինն ընտրեց քաղաքական գործչի, որի անունը չկար վարչապետի պաշտոնին հավակնողների ցուցակներում. հարցին, ըստ yerkir.am-ի, պատասխանում է «Վզգլյադ» թերթը:
Փորձագիտական միջավայրում Միշուստինը համարվում է ուժեղ կառավարիչ, որը պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր որոշումները: «Միխայիլ Միշուստինը կառավարության ամենապրոֆեսիոնալ անձանցից է: Երբ նա աշխատանքի անցավ, ըստ էության, ամենաանհույս գործը ձեռնարկեց. հարկահավաքություն իրականում չկար: Այն ժամանակ ԴՀԾ-ն սարսափելի համբավ ուներ՝ կոռուպցիա, հերթեր և այլն: Այդ ամենը վերացավ, և փառք Աստծո»,- «Վզգլադ»-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի խորհրդի անդամ Օլեգ Մատվեյչևը:
Միշուստինի օրոք ԴՀԾ-ն անցել է վճարումներին, տարբեր ստուգումներին հետևելու էլեկտրոնային տարբերակին, հրաժարվել փաստաթղթերի առգրավումից ու «ասպատակություններից», սկսել են կիրառվել էլեկտրոնային ստորագրությունները:
«Հարկային ծառայությունը թվայնացմամբ բոլորից առաջ է անցել: Եթե նախկինում դրա հետ կապված բազմաթիվ սկանդալներ էին լինում, ապա ներկայումս տեսնում ենք, որ ձերբակալում են ոստիկանների և ում ուզեք, սակայն վաղուց է, որ հարկայինի աշխատակիցներ չեն ձերբակալվել, որովհետև կոռուպցիան այնտեղ ոչնչացված է՝ որպես դասակարգ»,- ասել է Մատվեյչևը:
ԴՀԾ-ի ձեռքբերումներից է նաև աշխատանքի օպերատիվությունը՝ «Մեկ պատուհան»-ի ծառայությունը. ներկայումս ՌԴ-ում մեկ ժամում կարելի է հիմնարկ գրանցել: Ըստ Մատվեյչևի՝ ռուսաստանյան տնտեսության «ոչ սպիտակ» հատվածը նվազել է մինչև 25 տոկոս, ինչը համապատասխանում է աշխարհի առաջատար երկրների մակարդակին:
Իսկ Քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Պավել Դանիլինի կարծիքով՝ Միշուստինի ֆիգուրի ի հայտ գալը Պուտինի ելույթում հնչած խնդիրների համատեքստում է: Ըստ նրա՝ ելույթում նախանշված միջոցառումները պահանջում են լուրջ ֆինանսական ներդրումներ: «Մեդվեդևի կառավարության հիմնական խնդիրն այն էր, որ մի շարք նախարարներ հարցերի նման դրվածքի հետ համաձայն չէին: Իսկ Միշուստինը հիանալի տնտեսագետ է: Նա, որպես պրոֆեսիոնալ, ունակ է ժամանակին ֆինանսավորել բոլոր ազգային նախագծերը, նաև՝ ծախսերը, որոնք կպահանջվեն ուղերձի իրագործման համար»,- նշել է Դանիլինը: