Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսուհետ քննիչները լրացուցիչ խնդիրներ կունենան հարցաքննվողների հետ»,- պատասխանելով Yerkir.am-ի՝ Նիկոլ Փաշինյանի քննչական կոմիտեում արված «սելֆիի» վերաբերյալ հարցին, ասաց Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հարցաքննության ժամանակ լուսանկարվել, չլուսանկարվելը օրենքով հստակեցված չէ: Այդ հարցը մնում է չկարգավորված: Այն ինչ այսօր արել է Նիկոլ Փաշինյանը նախաքննական գաղտնիք համարվել չի կարող՝ ըստ օրենքի»,- նշեց Մելիքյանը:
Ըստ փաստաբանի՝ Փաշինյանի այս քայլով նախադեպ ստեղծվեց, որ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան «սելֆի» անել հարցաքննող քննիչի հետ։
Եթե երեկ վարչապետ Փաշինյանը գրառում անել, ջնջելով էլ զբաղված, ապա այսօր օրը սկսեց քննիչի հետ լուսանկարվելով ու ֆեյսբուքյան գրառումով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին։ Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են)»:
Ինչ գործի շրջանակներում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել Քննչական կոմիտեի ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների վարչության պետ, գնդապետ Կամո Սահակյանի աշխատասենյակ, հարցաքննվողը չի մանրամասնել:
«Հաղորդագրությունը կլինի կիմանաք, ժամանակ չունեմ»,- քննչական կոմիտեից Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ դուրս գալով՝ ասաց Նիկոլ Փաշինյանն ու հեռացավ:
Մինչ պաշտոնական հաղորդագրություն կլինի՝ մամուլում շրջանառվում է, որ վարչապետ Փաշինյանը մոտ 40 րոպե հարցաքննվել է Քննչական կոմիտեում քննվող գաղտալսումների գործով:
Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի միջեւ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, ինչի առիթով էլ Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ, Քրեական օրենսգրքի՝ անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով։
Ավելի ուշ հրապարակվել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հատված։