կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 16:05
Հասարակություն

Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը. առողջապահության նախարարություն

Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը. առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պարզաբանում:

«Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը: Որոշ անձինք, որոնք նախկինում հայտարարում էին, թե իրենք դեմ չեն պատվաստումներին, այլ ուղղակի բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրները, այժմ ակնհայտորեն նշում են, որ դեմ են բոլոր պատվաստումներին:

Տեղական հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող մի հաղորդման շրջանակում, քննարկելով պատվաստումների թեման, հնչեցվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության և ապացուցողական տվյալների հետ, և ապակողմնորոշում են բնակչությանը՝ հանրությանը ներկայացնելով խեղաթյուրված տեղեկատվություն և փորձելով խոսքը համոզիչ դարձնել, այն համեմելով միմյանց հետ կապ չունեցող մի քանի բժշկական տերմիններով:

Մասնավորապես, նշվել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կայքում Հայաստանի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը 95-100 տոկոս է, այն պարագայում, որ առողջապահության նախարարությունն ահազանգում է ցուցանիշների նվազման մասին: Մեջբերված 95-100 տոկոսը վերաբերում է ԱԿԴՓ բաղադրիչով համակցված հնգավալենտ պատվաստանյութի առաջին դեղաչափին: Սակայն պետք է առնվազն ունենալ նվազագույն մասնագիտական գիտելիք, որպեսզի պարզ լինի, որ մեկ տարեկան երեխաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը /ծածկույթը/ հաշվարկվում է 3 դեղաչափ պատվաստում ստացածներից»,- ըստ Yerkir.am-ի՝ նշված է առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: