կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 17:25
Քաղաքական

Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումները. Սերժ Սարգսյան

Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումները. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն ու քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ավանդական բարիդրացիական հարաբերությունների և երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: ՀՀ Նախագահը ջերմությամբ է հիշել անցյալ տարվա հոկտեմբերին իր աշխատանքային այցը Վրաստան, որի ընթացքում արդյունավետ հանդիպումներ է ունեցել երկրի բարձր ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը, այդ թվում՝ փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանրապետության Նախագահը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման տեսանկյունից կարևորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, սերտ շփումները նաև միջխորհրդարանական ձևաչափով:

ՀՀ Նախագահը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Վրաստանը՝ ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում՝ ՀՀ-ն անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը նաև այդ գործընթացների շրջանակներում կուտակած փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրագործման առումով: Կողմերի համոզմամբ, դա որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ-վրացական հարաբերությունները:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է ՀՀ Նախագահի անցյալ տարեվերջին Վրաստան կատարած այցը և ընդգծել, որ իր խորին համոզմամբ, լայն հնարավորություններ կան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ, զարգացնելու տնտեսական հարաբերությունները, կյանքի կոչելու հեռանկարային նոր համատեղ ծրագրեր:

Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են նաև երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը, առկա խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացին: