Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Արարատ գյուղում 3 տարեկան աղջիկ է մահացել՝ Yerkir.am-ին հայտնեցին "Արարատի հիվանդանոց" բժշկական կենտրոնից։
Նաև տեղեկացրին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոն:
Հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածներ եղե՞լ են արդյոք, որ երեխան "խոզի գրիպից" է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը չհերքեց լուրը․ "Կա նման խոսակցություն, բայց քանի որ երեք օր "Սուրբ Աստվածամայրում" է եղել, ճիշտ կլինի իրենցից ճշտեք":
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ երեխայի մոտ "խոզի գրիպ" է հայտնաբերվել, սակայն նշեց, որ չեն կարող պնդել, որ դրա հետևանքով է մահը վրա հասել․ "Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։ Տեղափոխվել է "Արարատի հիվանդանոց" բժշկական կենտրոն շատ վատ վիճակում, այնտեղ կոմայի մեջ է ընկել, որից հետո տեղափոխվել է "Սուրբ Աստվածամայր" ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, էնցեֆալիտի պատկեր է մոտը եղել, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ֆեբրիլ ցնցումներ և հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին, իրականացվել են մի շարք հետազոտություններ, կատարվել է գլխուղեղի ԿՏ հետազոտություն, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ, պոլիսինուստիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Սակայն չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, քանի որ երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի երևույթներով, հետևաբար միայն ախտաբանաանատոմիական հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով",-ասաց նա: