կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 16:27
Հասարակություն

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ հեռացվեց «Տաշիր պիցցայի» ցուցատախտակը

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ հեռացվեց «Տաշիր պիցցայի» ցուցատախտակը

Հայաստանի Առաջին Հանրապետության ոչ միայն հոգևոր, այլև նյութական ժառանգությունը մեզ համար արժեք է, որի պատշաճ խնամքը, արժևորումն ու փոխանցումը սերունդներին՝ բոլորիս պարտքն է. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը, ով նաև շնորհակալություն հայտնեց «Տաշիր-Պիցցա» սննդի սպասարկման ցանցի տնօրինությանը՝ իրենց նախաձեռնությանը ջերմորեն արձագանքելու և «Տաշիր-Պիցցայի»՝ Հանրապետության 37 հասցեում գտնվող երևանյան սրահներից մեկի «Տաշիր-Պիցցա» վերտառությամբ ցուցատախտակը հանելու համար:   

Հիշեցնենք՝ նշված հասցեի շենքը, որտեղ ներկայումս գտնվում է «Տաշիր-Պիցցայի» սրահներից մեկը, համարվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը խորհրդանշող նյութական մշակույթի նմուշներից մեկը, որտեղ 1918-1920 թթ. տեղակայված էր հանրապետության կառավարությունը և այն նույն  պատշգամբից, որի որի ներքևում տարիներ ի վեր կախված էր «Տաշիր-Պիցցայի» ցուցանակը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ընթերցել է Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով Հայաստանի անկախության մասին:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն, հանդես գալով նշյալ ցուցատախտակը հանելու և այն բոլորովին այլ բովանդակությամբ ցուցատախտակով փոխարինելու նախաձեռնությամբ, 2019 թ. հոկտեմբերի 2-ի թվագրումով նամակ էր ուղարկել «Տաշիր-Պիցցայի» տնօրինությանը՝ խնդրելով հանել նշյալ ցուցանակը: Քաղաքային կոմիտեի նախագահ Գ. Մուշեղյանի ստորագրությամբ հիշյալ նամակում նաև առաջարկվել էր «Տաշիր-Պիցցայի» տնօրինությանը՝ նշյալ ցուցանակի փոխարեն այնտեղ տեղադրել շենքի ու պատշգամբի պատմական արժեքն արտացոլող ցուցանակ կամ հայտարարություն:

«Երեկ մենք նոր նամակներով դիմել ենք և՛ «Տաշիր պիցցայի» տնօրինությանը՝ հայտնելով շնորհակալություն, և՛ Երևանի քաղաքապետին, որով առաջարկում ենք՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեին տալ թույլտվություն, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության շենքի, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի դիմաց սեփական միջոցներով տեղադրենք համապատասխան ցուցանակներ», նշում է Գ. Մուշեղյանը:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահը նաև տարօրինակ է համարում այն փաստը, որ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրճվալից գրառումներ են անում՝ հայտարարելով, որ նշյալ ցուցանակի հեռացումը կատարվել է սեփական քաղաքական ուժի նախաձեռնությամբ:

«Եվ այսպիսի հայտարարությունների հեղինակները իշխանության ներկայացուցիչներն են, որոնց քաղաքական թիմի անդամներն ամեն օր ոտնձգություններ են կատարում մեր ազգային արժեքների դեմ: Կարո՞ղ է որևէ մեկը հավատալ, որ այլասերում քարոզող ներկայիս  իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ այնպիսի «ճոխություն», ինչպիսին Առաջին Հանրապետության խորհրդանիշ հանդիսացող նյութական արժեքների արժևորումն է», - զարմանքով իր խոսքը եզրափակեց Գ. Մուշեղյանը:

Yerkir.am-ը կից ներկայացնում է նշյալ նախաձեռնություններին առնչվող համապատասխան փաստաթղթերը: