|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով.
«Տեղյակ եք, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես, փոխվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Ես ուզում եմ, առիթից օգտվելով, Պաշտպանության նախարարությանը շնորհակալություն հայտնել մինչ այժմ այդ ոլորտում կատարած աշխատանքների և ունեցած ներդրման համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և նաև Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարին և հույս հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ այս պահին եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա, որովհետև այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և դրա կարևորությունը, իհարկե, բացատրելու անհրաժեշտություն չկա»:
Նիստում զեկույցով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության միջև գործուն կապի ձևավորմանը վերաբերող հարցեր: Հավանության է արժանացել Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 2020թ. պետական պատվերի անվանացանկը: