Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին Լիբանանի կառավարության մամուլի սրահում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի. «Հիանալի հանդիպում ունեցա պարոն վարչապետի հետ, ով Լիբանան է այցելում Լիբանանի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո: Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որը ցուցաբերում է յուրաքանչյուր երկիրը մյուս երկրի հանդեպ՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար:
Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս, և դա շնորհիվ այն լիբանանահայերի, ովքեր այստեղ միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը և մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում: Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին: Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:
Պարոն վարչապետի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում և ամենատարբեր մակարդակներում. բանկային ոլորտում համագործակցությունը, մանավանդ որ լիբանանյան բանկերը հայտնի են աշխարհում և մեծ ներուժ ունեն, որպեսզի ֆինանսավորեն հանրային և մասնավոր ծրագրեր: Մենք հպարտանում ենք դրանով, և դրա մասին վկայում են շատ ծրագրեր: Խոսեցինք նաև այս ոլորտում համագործակցություն ծավալելու մասին:
Մենք ուշադրություն կդարձնենք, որպեսզի մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվի: Անշուշտ, այն պետք է տեղի ունենա Լիբանանում նախատեսված ընտրություններից հետո:
Մենք համակարծիք էինք, որ մեր երկու երկրների միջև պատմական հարաբերություններն արդեն պետք է կյանքի կոչենք, և ես անձնապես շատ ուշադիր եմ լինելու այդ հարցում: Այո, համաձայն եմ, շատ գեղեցիկ է, որ ունենանք պատմական հարաբերություններ, սակայն պետք է նաև մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք: Այսօր պարոն վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունի, նաև՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, և նպատակն է, որպեսզի խրախուսվեն ներդրումները՝ ինչպես հայկական ներդրումները Լիբանանում, այնպես էլ լիբանանյան ներդրումները Հայաստանում: Դա բխում է երկու երկրների շահերից, և մենք պետք է ուսումնասիրենք այն հարցերը, ինչի մասին խոսեց պարոն վարչապետը: Նա նաև մի գաղափար առաջարկեց, որը պետք է նույնպես ուսումնասիրենք: Դա կխրախուսի ներդրումները, և մենք պետք է սկսենք ամենամոտ ժամանակներս իրականություն դարձնել: Մենք խոսեցինք նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Լիբանանում և Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք: Ինձ համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և տա Աստված, որ ես և պարոն վարչապետը, միասին աշխատելով, կարողանանք դրանք զարգացնել ապագայում:
Շնորհակալություն, պարոն վարչապետ»: