կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-09 11:06
Հասարակություն

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆլամանական խորհրդարանում

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆլամանական խորհրդարանում

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խմբի անդամների և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆլամանական խորհրդարանում։

Ֆլամանական խորհրդարանի ութ անդամներ, այդ թվում` բելգիացի սենատորներ, մասնակցեցին հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ինչպես նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

Ի թիվս այլ թեմաների, հանդիպման մասնակիցները քննարկեցին Արցախի և Ֆլանդրիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ներուժը, մասնավորապես` գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում: Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում Արցախի կողմից հաստատված միջազգային կապերը, ինչպես նաև երկրում անվտանգության իրավիճակը:

Քննարկման առանցքային կետերից մեկը Արցախի աշխարհաքաղաքական մեկուսացումն էր՝ պարտադրված Ադրբեջանի իշխանությունների կողմից, մասնավորապես՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհնարինությունը: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մտադիր են օդանավակայանը գործարկել միայն քաղաքացիական նպատակներով, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է խոցել ցանկացած ինքնաթիռ, որը կփորձի թռիչք կամ վայրէջք կատարել Ստեփանակերտում:

Մեկնաբանելով հանդիպումը՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց. «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆլամանացի խորհրդարանականներին Արցախի Հանրապետության նախագահին խորհրդարանում ընդունելու իրենց նախաձեռնության համար, մասնավորապես` սենատոր Կառլ Վանլուվին, որը համակարգեց այս հանդիպումը։ Այս բարեկամական խմբի բազմակուսակցական բնույթը ցույց է տալիս այն մեծ հետաքրքրությունը, որը ձևավորվել է տարբեր քաղաքական կուսակցությունների շրջանում Արցախի վերաբերյալ»: