կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 19:03
Մշակույթ

Վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

Վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին:

Փառատոնի համակազմակերպիչ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այս բացառիկ փառատոնը միավորել է ժամանակակից մեծանուն կոմպոզիտորներին: Այն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, և համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին, ներկայացվելու են նրանց ստեղծագործությունները։ Համերգները կայանալու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

Վարչապետ Փաշինյանը հաջող ընթացք է մաղթել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ սիրով ներկա կգտնվի փառատոնի համերգներից մեկին: