կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 09:58
Առանց Կատեգորիա

Երեւանում ոստիկանները տան նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը. լուսանկարներ

Երեւանում ոստիկանները տան նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը. լուսանկարներ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները,  համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, բացահայտել են տարիներ առաջ կատարված սպանությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնում օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ են իրականացրել, այնուհետև ոստիկաններին միացած Էրեբունու քննչական բաժնի քննիչները, համոզված լինելով, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, երեկ կատարեցին նշված հանցագործության բացահայտման ամենակարևոր գործողությունը։

Իրավապահներն այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։ Կայքի տեղեկություններով՝ սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բաժին է բերման ենթարկվել 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

Կայքի փոխանցմամբ, մինչև հողում թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել, մինչ այդ էլ փորձել է հոսանքահարելու միջոցով սպանել, սակայն, տեսնելով, որ զոհը հոսանքից չի մահացել, խեղդել ու թաղել է տան նկուղում։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կասկածյալ Վ. Սիմոնյանը ձերբակալվել է։

Տեղում հավաքված քաղաքացիները նշել են, որ կարծել են, թե սպանված կինը երկրից մեկնել է եւ պատկերացում չեն ունեցել, որ նրան սպանել ու թաղել են: