կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 10:12
Աշխարհ

Թրյուդոն հավատարիմ է հին կանադական ավանդույթին՝ կառավարություն ձևավորելիս նա մտադիր չէ ընդդիմության հետ կոալիցիա կազմել

Թրյուդոն հավատարիմ է հին կանադական ավանդույթին՝ կառավարություն ձևավորելիս նա մտադիր չէ ընդդիմության հետ կոալիցիա կազմել

Կանադայի վարչապետ և օրերս անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնությունից զրկված Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն մտադիր չէ կառավարությունը ձևավորելիս ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմել. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր ծրագրերի մեջ չի մտնում ցանկացած կարգի կոալիցիա կազմելը՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ պաշտոնական»,- Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նա ու հավելել՝ այս շաբաթ ընդդիմադիր կուսակցությունների բոլոր առաջնորդների հետ հանդիպելու մտադրություն ունի:

Երկուշաբթի խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցությունը հաղթել էր: Նրանք առաջ էին անցել 338 ընտրական տարածքներից 157-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33.1 տոկոսը: Պահպանողական կուսակցությունը հաղթել էր 121 տարածքում (34.4 տոկոս), երրորդ տեղում էր «Քվեբեկյան դաշինքը» (հաղթել է 32 տարածքում՝ 7.7 տոկոս), այնուհետև հաջորդում էին Նոր դեմոկրատական կուսակցությունը (հաղթել է 24 տարածքում՝ 15,9 տոկոս), Կանադայի «կանաչների» կուսակցությունը (հաղթել է 3 տարածքում՝ 6.5 տոկոս), մեկ մանդատ է ստացել անկախ թեկնածու: Մեծամասնության կառավարություն ձևավորելու համար լիբերալներին անհրաժեշտ էր 170 մանդատ, բայց Թրյուդոն հավատարիմ է հին կանադական ավանդույթին, ըստ որի՝ ընդունված չէ խորհրդարանական կոալիցիաներ կազմել:

Կանադայում հազվադեպ չէ փոքրամասնության կառավարությունը, բայց օրենսդիր մարմնի աշխատանքը, որպես կանոն, բավականին բարդանում է: Նման օրինակ է եղել 2006 թվականին, երբ Պահպանողական կուսակցությունը ընտրություններում հաղթել էր, բայց Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) մեծամասնություն չէր ստացել: Արդյունքում՝ 2008 թվականին խորհրդարանականների ընթացիկ գումարումը արձակվել էր Կանադայի գեներալ-նահանգապետի կողմից, նույն տարի տեղի էին ունեցել նոր ընտրություններ, որում պահպանողականները վստահ հաղթանակ էին տարել: