կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 20:14
Արցախ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին` անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Այս մասին իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։ 

«Հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ., միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների հարգման երաշխավորումը՝ հիմնված արդարության և հավասարության վրա, հանդիսանում են կայունության, զարգացման և տևական խաղաղության հիմքը։ Այս կապակցությամբ կարևոր ենք համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների օգտագործման համար՝ բոլոր ներգրավված կողմերի հետ շփումների միջոցով։ Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի քաղաքականացման բոլոր փորձերը պետք է խստորեն կանխարգելվեն։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները՝ ներառյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»։