Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 Ժամ»-ը գրում է. «Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:
Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»:
Այստեղ կարևորենք մի առանցքային դրվագ, ակնհայտ է, որ այս ձևակերպմամբ Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնարավոր թանկացման հարցը, քանի որ դա բոլոր ժամանակներում եղել է քաղաքական որոշման արդյունք, և այնտեղ տնտեսական և այլ տիպի արհեստական բաղադրիչներ փնտրելն ընդամենը հերթական մանիպուլյացիան է հարցի վերաբերյալ պատասխանատվությունից խուսափելու համար:
Բացահայտ փաստ է, որ գազի գնի թեման բոլոր ժամանակներում ու մշտապես բանակցվել է երկրների ղեկավարների մակարդակով: Այս փաստի մասին խոսելիս ընդամենը բավարար փաստարկ է մի թեթև անդրադարձ կատարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնական քրոնիկոնին ռուս գործընկերների հետ շփվելու և նրանց հետ գազի գնի հետ կապված ունեցած բանակցային փուլերին ու հանդիպումներին, և միանգամից ակնհայտ կդառնա, որ Վլադիմիր Կարապետյանը հերթական անգամ ակնհայտ ստում է, որովհետև տնտեսվարող սուբյեկտների վրա այլ պետություններին մատակարարվող գազի գնի որոշման հարցը երբեք չի դրվել:
Այս ամենը նշանակում է մի բան Կարապետյանը ստում է, որովհետև ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք և հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնակը, այլև իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում և ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայլուն» քաղաքականության մասին: Փաստացի թեման «գցելով» տնտեսվարողների «գրպանը», պարզ է դառնում մի բան գազի գնի բանակցություններում ասելիք չկա, և ամեն ինչ ձախողված է:
Հիշեցնենք, որ դեռևս ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնից անընդհատ նախկին իշխանություններին քննադատելով բարձրաձայնում էր գազի գնի բարձրացման փաստը շեշտելով, թե «էդ ինչպե՞ս է լինում, որ գործընկերն ու դաշնակիցն ամենաթանկ գներով է Հայաստանին մատակարարում գազ»: Կամ անընդհատ խոսում էր «ՀՀ-ում տարբեր օլիգարխների գազալցակայանների լևի խողովակների» մասին: Նախկին իշխանություններին նա ժամանակին ցանկացած առիթով մեղադրում էր Ռուսաստանին ծառայելու, Պուտինի կամակատարը լինելու մեջ, իսկ երեկ ողջ հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, թե ինչպես էր նրա ողջ թիմն ամեն ինչ անում Պուտինի հետ հանդիպում կորզելու և սելֆիներ անելու համար, որպեսզի ցույց տա, թե որքան «փայլուն» են իր և ՌԴ նախագահի հարաբերությունները:
Իհարկե, ողջ փայլը խամրեց, երբ մամուլում հայտնվեց Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի ավելի քան մեկ ժամ տևողությամբ հանդիպման լուրը, որի շոկից երկար ժամանակ իշխանությունները չէին կարողանում դուրս գալ: Ավելին, իրենց ֆեյքերի դատարկաբանություններին, թե հանդիպման լուրը սուտ է, Կրեմլից ևս մեկ անգամ եկավ հաստատող հաղորդագրությունը Պուտինի խոսնակի խոսքով:
Վարչապետ Փաշինյանն այսօր, իհարկե, այս ամենի մասին զգուշավոր կերպով լռում է: Որովհետև ով ով, բայց ինքը լավ գիտի, որ գազի գինը քաղաքական որոշման արդյունք է լինելու, և որը, անխոս, թանկանալու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։