Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Լիբանան կատարած այցի ընթացքում ելույթ է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանի դաշտում տեղի ունեցած «Միշտ միասին» ժողովրդային փառատոնում։ ՀՅԴ Լիբանանի հանրային կապերի մարմնի նախաձեռնած՝ համալիբանանյան ժողովրդական փառատոնը, որին մասնակցում է շուրջ 8,000 լիբանանահայ, նվիրված է Հայաստանի անկախության տոնին:
Ձեզ ենք ներկայացնում ելույթը՝ ամբողջությամբ.
«Ողջույն, սիրելի՛ հայրենակիցներ, ողջույն, լիբանանահայ իմ քույրե՛ր և եղբայրնե՛ր
Ես շատ ուրախ եմ և հուզված ՀՀ անկախության տոնը Լիբանանում նշելու կապակցությամբ: Մեծ պատիվ է ներկա գտնվել այս անկախության տոնին:
Ամենևին պատահական չէ, որ Լիբանանի համայնքը այսպիսի մեծ շուքով և պատասխանատվությամբ նշում է Հայաստանի վերանկախացման տոնը: Ես այսօր չեմ խոսելու Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների, նվաճումների, մեր ժողովրդի պատմության փառավոր էջերի մասին, ոչ էլ՝ մեր սխալների և բացթողումների մասին. դուք դրանց լավ տեղյակ եք:
Սիրելի՛ հայրենակիցներ, լիբանանահայությունը անցնող 30 տարիների ընթացքում հետևողական, ինքնուրույն մասնակցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետության զարգացման գործում՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային և մյուս բնագավառներում:
Լիբանանի հայ համայնքը իր շուրջ մեկդարյա պատմության մեջ դիմագրավել է մի շարք դժվարություններ, բայց այդ դժվարությունները հաղթահարել է պատվով, արժանապատվությամբ: Պետականության բացակայության պայմաններում դուք ոչ միայն միշտ վառ եք պահել հայոց պահանջատիրության ջահը, այլ նաև սրբորեն պահել և պահպանել եք հայ ավանդական ազգային արժեքները, հայոց լեզուն և մշակույթը:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դուք ձեր Մայր հայրենիքում չեք ապրում, ցեղասպան թուրքը զրկել է ձեզ հայրենիքից, բայց չի կարողացել ձեր մեջ սպանել հայրենիքը:
Հայրենիքը ձեր մեջ է, ձեր գեների մեջ է, ձեր արյան և էության մեջ է, ես հենց հիմա, հենց այստեղ բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Մայր հայրենիքը:
Հետևաբար, ես Հայաստանից եկել եմ ոչ թե պատգամներ ասելու, այլ իմ երախտագիտության մեծ զգացումը հայտնելու առ հերոսական լիբանանահայություն, խոնարհումս բերելու առ լիբանանահայ այն հերոսներ, որոնք Արցախի գոյապայքարի հենց առաջին օրերից մեկնեցին հայրենիքի սահմանը պաշտպանելու: Մեկ անգամ ևս հիշատակենք և խոնարհվենք Վիգենների, Մհերների և մեր մյուս հայորդիների առաջ, ովքեր պաշտպանեցին հայրենիքը:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այսօր նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, նոր պայմաններում հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում են նոր մարտահրավերներ, դժվարություններ և վտանգներ: Մենք պետք է լինենք միասնական՝ այս դժվարությունները միասնաբար հաղթահարելու համար:
Ես ՀՅԴ Հայաստանի ԳՄ անունից հայտարարում եմ, որ մեր երկրում կան սպառնացող վտանգներ, կան մեր ժողովրդին պառակտելու և մասնատելու փորձեր: Միաժամանակ հայտարարում եմ, որ մենք՝ իբրև Դաշնակցություն, այդ պառակտումը թույլ չենք տալու:
Մենք թույլ չենք տալու հայ ժողովրդի պառակտումը, մենք լինելու ենք միասնական, չկան հին և նոր Հայաստաններ, չկա հայաստանցի, լիբանանցի, իջևանցի, ղարաբաղցի, գյումրեցի, կա մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք և մեկ հիմնական նպատակ՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
Ուստի ես ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անունից հայտարարում եմ՝ մեր երկրի ներքին կայունությունը, հայ ժողովրդի համերաշխությունը, երկրում իրական համակարգային բարեփոխումները և սոցիալական արդարություն հաստատելու պահանջը շարունակում է մնալ Դաշնակցության առաջնային օրակարգը:
Մենք ամեն ինչ անելու ենք միասնաբար իրական ազգային օրակարգեր առաջ բերելու, այդ օրակարգերի շուրջ համախմբվելու, համայն հայության ողջ ռեսուրսը և հնարավորությունները միավորելու, մեր երազած ազատ, անկախ և միացյալ Հայաստանը կերտելու համար:
Կեցցե՛ հայկական Սփյուռքը, կեցցե՛ լիբանահայությունը, կեցցե՛ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, կեցցե՛ հայ ժողովուրդը: Փառք անկախության կերտողներին»:
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի այցը Լիբանանի Հանրապետություն կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը: Նախատեսվում են հանդիպումներ տեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համազգային օրակարգի հարցերի քննարկումներ տարբեր ձևաչափերով: