կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-19 17:35
Քաղաքական

Արմեն Սարգսյանի մասին ընդամենը մեկ դրական նյութ. «Մեդիա պաշտպան»

Արմեն Սարգսյանի մասին ընդամենը մեկ դրական նյութ. «Մեդիա պաշտպան»

2019թ. սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 193 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 168-ը՝ չեզոք։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի դիրքերն այս տասնօրյակում լրատվական դաշտում բավական թույլ են, սա առաջին անգամն է, երբ նախագահի մասին հրապարակվել է ընդամենը մեկ դրական նյութ։ Բացասական հոդվածները բազմաբնույթ են։

Այս անգամ, ըստ լրատվականների, նախագահին անդրադարձել է նախկին պատգամավոր, ԵԾ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Նա մեղադրում է Արմեն Սարգսյանին՝ ԽՍՀՄ ԱԱԾ աշխատակից լինելու մեջ։ Հրապարակման մեջ մեջբերված է Զարուհի Փոստանջյանի նամակը. «Ուսումնասիրելով Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ հասկանալի է դառնում, որ այս անձը խորհրդային ժամանակաշրջանում չէր կարող, չլինելով ԿԳԲ-ի աշխատակից, մեկնել Մեծ Բրիտանիա` 1984-1985 թվականներին Քեմբրիջի համալսարան, որպես այցելու դասախոս: Իհարկե, Արմեն Սարգսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու ապացույցը ամենամատչելի կերպով հնարավոր է ձեռք բերել, երբ ընդունվի Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենքը: Սակայն Արմեն Սարգսյանի կենսագրության այս կարևոր դրվագը՝ ԽՍՀՄ-ից մեկնելը մեկ տարով կապիտալիստական երկիր որպես այցելու դասախոս, արդեն հիմնավոր կասկած է նրա՝ ԿԳԲ-ի հետ կապի մասին»:

Արմեն Սարգսյանը շարունակում է մեղադրվել Ամուլսարի հետ կապեր ունենալու և նրանց շահերը պաշտպանելու մեջ։ Հիշեցնում են, որ Արմեն Սարգսյանը չծխելու կոչ էր անում։ Այդ հայտարարությունը, ըստ լրատվականների, արվել էր Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։ Մարինա Խաչատրյանի այդ հրապարակման մեջ մեղադրանք է հնչում նաև Արսեն Թորոսյանի հասցեին. «Այն, որ առողջապահության նախարարի աթոռն անիմաստ ճռճռացնող անձը «գովերգեց» Ամուլսարի շահագործումը (չենք մոռացել նաև այդ անձի հոր հայտարարությունները), վստահ եմ, նույնպես պատահականություն չէ։ Չեմ բացառում հենց այս հանդիպման ժամանակ ստացած հանձնարարությունը. ներկայացնել թույնը և վտանգը վարդագույն լույսի ներքո։ Ահա, այսպես են մեր երկրի կարևորագույն հարցրերը լուծվում, տիկնայք և պարոնայք... Թե ինչ հարցեր է լուծում Արմեն Սարգսյանը հաց թխելով կամ պաղպաղակ ուտելով, առայժմ դժվարանում եմ վերծանել»,- ասել է Երևան քաղաքի ավագանու նախկին անդամը։

Լրատվականները Արմեն Սարգսյանին մեղադրում են նաև Նիկոլ Փաշինյանից վախենալու մեջ։ Նշվում է, որ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառման հրավեր է ունեցել, որը պետք է անց կացվեր Լեհաստանում, սակայն նախագահը չի մասնակցել։ Նախագահականից չմասնակցելը պատճառաբանել են Արմեն Սարգսյանի արձակուրդում լինելու հանգամանքով, սակայն լրատվականները պնդում են, որ Արմեն Սարգսյանը չի գնացել այդ հանդիպումներին, քանի որ Նիկոլ Փաշինյանը չէր գնացել։

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն իսկ ներգրավված է քաղաքական գործընթացներում, բայց չեզոք լուրերը հիմնականում հասարակական ակտիվության, պաշտոնական հայտարարությունների կամ օտարերկրացի ղեկավարներին շնորհավորելու հետ են կապված։