Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը:
Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում և ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման և Արցախի հարցի արդարացի լուծման գործում:
«Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, որն ապացույց է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների: Շնորհակալ ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած աջակցության, ձեր սկզբունքայնության, հետևողականության և վճռականության համար: Ձեր գործունեությամբ դուք կարևոր նպաստ եք բերում Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Գի Տիսենի խոսքով՝ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ-ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին և խոսել տպավորությունների մասին: Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք և խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ Ֆրանսիայում հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին և խորը հարգանք ունեն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) և պատրաստակամություն հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության շրջանակում աջակցել CEPA-ի կիրարկմանը:
Վարչապետը կարևորել է Հայաստանի եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման համատեքստում կարևորել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը: