կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 20:45
Արցախ

Ֆրանսիացի խորհրդականների այցն Արցախ երկրի ԱԳ նախարարը կարևորել է

Ֆրանսիացի խորհրդականների այցն Արցախ երկրի ԱԳ նախարարը կարևորել է

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորների պատվիրակությանը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ։

Այս մասին Yerkir.am-ին տեղեյկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին և կարևորել նրանց այցը՝  Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության գործընթացին և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, մասնավորապես, վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք Արցախում ժողովրդավարական արժեքների հիման վրա հանրային կյանքի կազմակերպման գործընթացի հերթական դրսևորումն են։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում ունեցած ձեռքբերումներին, մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավորություններին։ Կողմերը նշել են Արցախի միջազգային կապերի զարգացման անհրաժեշտությունը և նրա բնակիչների հիմնարար իրավունքների և ազատությունների անխոչընդոտ իրացման կարևորությունը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առանցքային դերը։