կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-08 19:48
Իրավական

Ոստիկանները Գեղարքունիքում և Տավուշում ապօրինի փայտանյութով արտադրամասեր են հայտնաբերել

Ոստիկանները Գեղարքունիքում և Տավուշում ապօրինի փայտանյութով արտադրամասեր են հայտնաբերել

 ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համայնքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գավառի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ նախաքննության։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները շարունակում են ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելուն ուղղված ուժեղացված ծառայությունը։ Միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք հատվածներում տեղակայվել են հենակետեր, որտեղ ոստիկանության ծառայողները ստուգման են ենթարկում բոլոր կասկածելի մեքենաները, մեծամասամբ՝ բեռնատար։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ, Տավուշի ոստիկաններն իրականացնում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ իրացնելով դրանց արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները։ 

Օգոստոսի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնում արձանագրվել է հերթական բացահայտումը։ Բաժնի քրեական հետախույզները նոր տեղեկություններ էին ստացել, որ Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում ապօրինի փայտանյութ կա։ Տեղեկությունները հավաստի էին։ Արտադրամասում հայտնաբերվել են տարբեր չափերի 12 խորանարդ մետրից ավելի կողահատ տախտակներ, տարբեր տրամագծի 15 գերան, ինչպես և «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար, որոնք բարձված էին գերաններով։ Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում է մասնագիտական ստուգում։ 

«Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության անզիջում պայքարը ամենօրյա է։

Միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։