կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 21:10
Արցախ

Նախաձեռնող խումբը Արցախի ԿԸՀ է հանձնել ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը

Նախաձեռնող խումբը Արցախի ԿԸՀ է հանձնել ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը

Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիական նախաձեռնության կարգով կատրաված ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը հանձնվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ է հանձնվել 21.049 ստորագրություն:

«Հանձնաժողովի կողմից դրանց իսկությունը ստուգելու համար օրենքով նախատեսված մեկ ամիս ժամանակ է տրված: Որից հետո ԿԸՀ-ն նիստ կգումարի և հաստատված ստորագրությունների թվի մասով որոշում կընդունի»,- նշեց Ե. Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հունիսի 4-ից հուլիսի 18-ը սահմանադրական փոփոխությունների առաջարկով նախաձեռնել էին ստորագրահավաք: Մասնավորապես առաջարկվում է ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում «վերջին տաս տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող»‚ «վերջին տաս տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «վերջին տասը տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող», «վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած‚ վերջին տաս տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Իսկ ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է «վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող»‚ «վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող», «վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3.Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած‚ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: