կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 11:17
Արցախ

Լիբանանահայ պատանիները մասնակցել են «Ասպետ» ճամբարին

Լիբանանահայ պատանիները մասնակցել են «Ասպետ» ճամբարին

aparaj.am- 11-րդ տարին անընդմեջ Արցախի Այգեստան համայնքի տարածքում տեղակայված վայրում անցկացվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարը հայրենիքի ապագա պաշտպաններին ռազմական գործին, զենքին ծանոթացնելու, մարզելու նպատակ ունի: Ճամբարին մասնակցում են ոչ միայն Արցախի, այլև ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից և Լիբանանից ժամանած պատանիներ: Հուլիսի 21-28-ը կայացած ճամբարին այս տարի Լիբանանի հայկական վարժարաններից ժամանած 9 աշակերտներ էին մասնակցում:

Ծրագրին լիբանանահայ աշակերտների մասնակցելու նախաձեռնությունը ՀՅԴ Լիբանանի «Արցախ ֆոնդ»-ինն է, որն իրականացվում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցաբար: 9 տարիների ընթացքում լիբանանահայ 100-ից ավելի պատանիներ հնարավորություն են ունեցել ծանոթանալ բանակային կյանքին, տեսնել ու ճանաչել Արցախը, կապեր հաստատել Արցախի իրենց հասակակիցների հետ և լիարժեք պատկերացում կազմել զինվորական ծառայության մասին: Ճամբարը յուրօրինակ կրթական, մարզական ու հայրենասիրական դաս է:

Պատանիները հուլիսի 26-ին հանդիպում են ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Նախարարը ողջունել է լիբանանահայ պատանիների մասնակցությունը ճամբարին և հույս հայտնել, որ նոր գիտելիքներով ու հաճելի տպավորություններով կվերադառնան: Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Լիբանանի «Արցախ ֆոնդ»-ի նախագահ Զաքար Քեշիշյանը: