Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնականաբար, բողոքարկումն անհիմն էր, ու, փաստորեն, դատարանը մերժեց դատախազների բողոքը. այսօր վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների կալանքի հարցով որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը` հավելելով, որ վերջնականապես բավարարված կլինեն այն դեպքում, երբ բոլոր խախտումները, որոնք կատարվել են այս մի տարվա ընթացքում, վերացվեն:
«Դատարանն օրինաչափ որոշում է կայացրել: Նիստի ընթացքում պարզ դարձան կատարված ապօրինություններն ու քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին, փաստորեն, դատախազները, նաև` դատախազների փնթի վերահսկողությունը: Երբ մենք մի տարի առաջ սրա մասին բարձրաձայնում էինք, ինչ-որ մարդիկ կարող է լավ չէին պատկերացնում` ինչի մասին է խոսքը, բայց այսօր, ինձ թվում է, արդեն ակնհայտ է դառնում այն ապօրինությունների շարքը, որ արվել է, ու դա համատարած բոլոր փուլերում է արվել»,- ասաց նա:
Խոսելով ֆինանսական խախտումների մասին` Լևոն Քոչարյանը նշեց. «Խախտումներ շատ են եղել, այսինքն` հաշիվների, գույքի վրա դրված կալանքը: Բացի այդ` նաև մեր` իմ ու եղբորս հաշիվների վրա է կալանք դրվել` բացարձակապես անհիմն: Երբ իմ մասով բողոքարկեցինք դատախազին, հանեցին, բայց եղբորս մասով` չէ: Բայց, փաստորեն, մոտ 4-5 ամիս իմ հաշիվներն ու գույքն է եղել կալանքի տակ` բացարձակ ապօրինի հիմքով»:
Հարցին` ինչի՞ հիման վրա, պատասխանեց. «Հիմնավորմամբ, թե` այն, ինչ դուք ունեք, մենք չենք հավատում, որ ձերն է, դա Ռոբերտ Քոչարյանինն է, այ դրա համար դնում ենք, բայց, փաստորեն, մենք տեսանք, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանինը, ինչ արվել է, ապօրինի է արվել»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հիմա Քոչարյանի ընտանիքն ունի ֆինանսական խնդիրներ, քանի որ երկրորդ նախագահը դատարանում նշեց` ստիպված է եղել հարազատներից գումար խնդրել, Քոչարյանի որդին արձագանքեց. «Մենք ֆինանսական խնդիրներ չունենք: Նա ուղղակի ասաց, որ իր միջոցներով կցանկանար ապահովել իր պաշտպանությունը»:
Հարցադրմանը` այս դեպքում հիմա ո՞ւմ միջոցներով է կատարվում պաշտպանությունը, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ»:
Քոչարյանի որդին անդրադարձավ նաև տեսակցությունների հարցին: Լրագրողի հարցին` արդյո՞ք նախկին նախագահը փորձում է նման կերպ կապ պահել քաղաքական ուժերի հետ, քանի որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ռոբերտ Քոչարյանն իր առջև դրել է կոնսոլիդացիայի խնդիր, կրտսեր Քոչարյանը պատասխանեց. «Մենք ավելի շատ խոսում ենք անձնական հարցերից, երբ հանդիպում ենք: Շաբաթը մի անգամ ես հանդիպում եմ նրա հետ, ու ոչ, իմ միջոցով ինչ-որ քաղաքական մեսիջներ չեն փոխանցվում»: