կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 15:01
Հասարակություն

Հայաստանը դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է. նախարարը՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին

Հայաստանը դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է. նախարարը՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

 ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ առաքելության համար մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման  գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը:

Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: