Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իջևանում երեկ`հուլիսի 17-ին, բողոքի ակցիաների հետևանքով տուժած ցուցարարներից մեկի պնդմամբ`երեկոյան ոստիկանները ներխուժել են իր տուն ու ծեծել:
«Եկան, դուռը դմփացնում էին, բացեցի, ներխուժեցին, բա` շորերդ հագի, գնում ենք: Ասեցի՝ որտե՞ղ, ընգե'ր ջան: Էն մեկն ասաց՝ չի ուզում գա, բռնի ուժով տար», - լրագրողներին պատմեց քաղաքացին ու նշեց, որ բերման չի ենթարկվել, բայց ոստիկանները ծեծել են իրեն:
Իջևանցին ցույց տվեց իր գլխի, ոտքի, աչքի, թևի ու թիակների հատվածները, որտեղ վնասվածքներ է ստացել:
Նա նաև նշեց, որ երեկոյան լսել է՝ ինչպես են բերետավորները և Երևանի ոստիկանության բաժնից ժամանած աշխատակիցները որոշել ժողովրդի վրա հարձակվել: «Որոշում էին, որ արդեն ժողովրդին վրա տան: Լույսերն անջատած էին, անցավ ընդամենը կես ժամ, ստայանկից եկան, որ ժողովրդին փակեն: Սկսեցին ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրանց է ջարդել, փախել են», պատմեց ցուցարարը, իսկ դիտարկմանը`կան պնդումներ, որ բախումները սկսել է ժողովուրդ, հակադարձեց. «Կռվի կեսը խի՞ չեն նկարել: Ընդամենը 20 տոկոսն ա նկարած, որը իրանց ձեռ ա տված, էդ են նկարել»:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ պնդեց, որ երեկ իր որդին ցույցերին չի մասնակցել, քանի որ որդու հետ Հոկտեմբերյանում է եղել, վերադարձել են առավոտյան, և որդին որոշել է շրջել մարզպետարանի տարածքով՝ տեսնելու, թե ինչ է կատարվել, սակայն բերման է ենթարկվել: «Քիչ առաջ երեխուս բռնել են ու անտեղի տեղը տարել: Առավոտյան ասեց՝ գնամ, տենամ՝ ինչա եղել: Զանգեցին, ասեցին՝ երեխուդ տարել են: Անմեղ տեղը երեխա են տանում: Հիմա` կա'մ ես ինձ եմ սպանելու, կա'մ տանողներին: Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ՝ մարդասպանություն կլինի, իմ երեխեն էս ցույցին չի մասնակցել», - լրագրողների հետ զրույցում նշեց կինը:
Մեկ այլ ցուցարար էլ հավաստիացրեց, որ ամուսնուց երեկվանից տեղեկություն չունի: «Դուրս ա եկել` ցույցերին մասնակցի, որ իրա օրվա հացի փողն աշխատի, իրա երեխաներին պահի ու մինչ էսօր տուն չի վերադարձել»,- ասաց կինը:
Նա նշեց, որ տեղեկություն չունի՝ ամուսինը ոստիկանությունո՞ւմ է, թե՞ ոչ, ասաց, որ ոստիկանները 04:00-ին իրենց տուն են գնացել և փնտրել ամուսնուն: «Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել: Ամուսնուս էին փնտրում: Ասում եմ՝ ի՞նչ ա արել, ասում են՝ միջոցառման ա մասնակցել»,- պատմեց կինը:
Ձերբակալված ցուցարարներից մեկի հարազատն էլ վրդովված հավելեց. «Իրանց համար մեկ ա եղել` ով ա, արական սեռի բոլոր ներկայացուցիչներին տարել են… 21 տարեկան ինվալիդ երեխա ա` կառավաթին կպած, չի շարժվում, մտել են սենյակ, հորն ու ախպորը տարել, սրան էլ կանդալը քցել: Սրան տեսե՞լ են ցույցի ժամանակ, որ ուզել են կանդալը քցեն», - տարակուսեց նա ու հիշեց այն դեպքը, երբ Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել ՌԴ-ում դատավարության ժամանակ, բոլորը դա այստեղ քննադատեցին, սակայն երեկ ոստիկանները տղամարդկանց իրենց տներից կիսամերկ են բերման ենթարկել:
«Սա ի՞նչ աշխարհ է: Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի»,- եզրափակեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հավելենք նաև, որ կան ձերբակալվածներ:
Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում: