կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-13 11:03
Հասարակություն

ԱԻՆ-ի փրկարարները ստիպված «կիպիծելնիկով» են սուրճը եփում, գազ չունեն. «168 ժամ»

 ԱԻՆ-ի փրկարարները ստիպված «կիպիծելնիկով» են սուրճը եփում, գազ չունեն. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք ստորաբաժանումներում գազամատակարարումը դադարեցված է, հրշեջ փրկարարներն արդեն երկու շաբաթ զրկված են ամենատարրական կենցաղային պայմաններից՝ տաք ջրով լվացվելու հնարավորություն չկա: Եվ այս խնդիրն առավել ուշագրավ է դառնում հատկապես Երեւանի քաղաքապետարանում ղեկավար կազմին բաշխվող միլիոնանոց  պարգեւավճարների ֆոնին, կամ Սոցապնախարարության, որտեղ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանն աշխատավարձի 170 %-ի չափով պարգեւատրել է նախարարի կաբինետի անձնակազմին:

Մեր աղբյուրը հումորով նկարագրում է՝ «օրվա հախուռն կանչերը սպասարկելուց հետո  տղերքը «կիպիծելնիկով» ջուր են տաքացնում, որ կեղտոտված  ձեռքերը լվանան, հետո էլ նույն «կիպիծելնիկը» մտցնում են սրճեփի մեջ, որ կիսաեփ սուրճով թարմանան»:

Եվ ուշագրավն այն է, որ նույն քաոտիկ վիճակում են հայտնվել մայրաքաղաքի բոլոր 12 հրշեջ փրկարարական ջոկատների գրասենյակները միաժամանակ:

Իրավիճակի պատճառաբանությունը հետեւյալն է՝  տարվա լիմիտը սպառված է: Այս պատասխանից առնվազն երկու հետեւություն կարելի է անել՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կանխավ  լիմիտավորել է գազի (գուցե՝ նաեւ հոսանքի) ծախսերը, եւ այնքան  գծուծ հաշվարկով, որ  եղածով հազիվ տաք ձմռան սեզոնը տարվա կեսն  է հաղթահարել:

Մյուս վարկածն այն է, որ նախարար Ցոլակյանն իրավիճակին չի տիրապետում եւ, ինչպես փրկարարներն են ձեւակերպում՝ բոլորին օգնող փրկարարներն ամենաանպաշտպանն են դարձել այս նախարարի կառավարման շրջանում:

«ԱԻՆ լրատվական ծառայությունում խնդրի մասին կարճ ձեւակերպեցին՝ պատճառաբանելով, թե «խնդիրը տեխնիկական է, առաջիկա օրերին անպայման լուծում կստանա»: Հաջորդիվ հարցին՝ այդուհանդերձ սպառման գազի պարտքե՞ր կան, թե՞ իսկապես նախարարությունը լիմիտավորված սահման  է դրել հրշեջ ջոկատների համար, պատասխանող անձը նորից նույնը կրկնեց՝ խուսափելով այլ մանրամասներ հաղորդել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում