|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում:
Փոխնախարար Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել քննարկման կազմակերպման համար՝ նշելով, որ տեղեկատվության ազատության մատչելության ապահովումը պետական մարմինների պարտավորություններից մեկն է:
Ներկայացնելով բուն բարեփոխումը՝ փոխնախարարն անդրադարձել է գրավոր հարցումների ներկայացման համար անհրաժեշտ պայման հանդիսացող ստորագրության առկայության և հարցումը ներկայացնողի քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջներին: Բարեփոխմամբ առաջարկվում է վերացնել գրավոր հարցման ստորագրված լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջը, ինչն էականորեն կհեշտացնի էլեկտրոնային www.e-request.am հարթակով պետական մարմիններին հարցմամբ դիմելու գործընթացը:
Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: