կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 16:03
Հասարակություն

Վարկածներից մեկով` հաճախականության հզոր տատանումը եղել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից. փոխնախարար

Վարկածներից մեկով` հաճախականության հզոր տատանումը եղել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից. փոխնախարար

Այսօր` 13.46-ին հաճախականության տատանում է տեղի ունեցել ամբողջ էներգետիկ համակարգում, ինչի հետևանքով նախ անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև` Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել:

«Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, տատանումներ չկան, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Գիտեք, որ էներգահամակարգը կապված է իրանական էներգահամակարգի հետ, և մեր երկրում ցանկացած տատանում զգացվում է նրանց մոտ, նրանց երկրում տատանումները՝ մեզ մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եղել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ իրանցի գործընկերների հետ կապ են հաստատել, և նրանք հաստատել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել միևնույն ժամանակահատվածում:

«Բայց հարյուր տոկոսով ասել, որ վթարի հանգեցրած հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, չեմ կարող: Կստեղծվի վթարի պատճառների ուսումնասիրման աշխատանքային խումբ, և մեղավորները կբացահայտվեն»,- շեշտեց Վարդանյանը:

Փոխնախարարը հարկ համարեց ընդգծել՝  անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չունեցել և չի էլ ունենա: