կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 17:01
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկածներից մեկն այն է, որ Հովտաշատում միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետը. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Հովտաշատ համայնքում 10-ից ավելի տղամարդիկ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա, որն իր աշխատանքն է կատարելիս եղել։ Կադրերից երևում է, որ օպերատորին վիրավորանքներ են հասցնում և վնասում են նկարահանող սարքը։

Ըստ Yerkir.am-ի՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս նշել է, որ լրատվականների վրա հարձակումները պետք է պատժվեն, սակայն ամիսներ շարունակ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումն այդպես էլ առկախված է, տեղեկություններ չկան «Ժողովուրդ» օրաթերթ ներխուժելու մասին։ Ահա և երրորդ ագրեսիվ դեպքը, որն ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ձևավորման հետևանք է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է անարձագանք չթողնել դեպքը և հետամուտ լինել մեղավորներին գտնելու ու պատժելու ուղղությամբ։ Ոստիկանությունն անհապաղ պետք է ուսումնասիրի կադրերը և քայլեր ձեռնարկի։ «Մեդիա պաշտպան»-ի թիմը իր աջակցությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերությանն ու օպերատորին։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկն այն է, որ տղամարդիկ ուղղորդված են գործել և միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութում լսվում է հայհոյանք, անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։