ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից սկսած փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Պուտինը նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին՝ ապահովել Վրաստանից վերադարձող ռուս քաղաքացիների անվտանգությունը:
Երեկ Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը
Այս պահին Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է բողոքի ցույցը: Ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: