Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Արտակ Քամալյանը կարևորել է նման անասնաշենքերի կառուցումը և հույս հայտնել, որ այս անասնաշենքն իր նորարարական լուծումներով օրինակ կծառայի մյուս ֆերմերների համար:
Ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր հերթին նշել է, որ անասնաշենքի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Նա նաև հավելել է, որ կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ են կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար:
Անասնաշենքը կառուցվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում, փուլ 2-րդ» ծրագրի շրջանակներում: Այն կառուցված է ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչը հանդիսանում է ինովացիոն մեթոդ Հայաստանում: Նորարարություն է նաև այստեղ ներդրված հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս ապահովել կառույցի վերահսկում մեծ հեռավորության վրա:
Նախագիծը մշակված է կենդանիների ազատ պահվածքի համար, ներկա պահին այստեղ կան արհեստական սերմնավորմամբ տեղական ցեղատեսակներից ստացված 12 գլուխ խառնացեղ էգ մատղաշներ:
Թեև հստակ հաշվարկներ դեռևս չեն իրականացվել, թե որքանով արդյունավետ կլինի այս նորարարական անասնաշենքի գործարկումը, սեփականատեր Արմեն Ջաղինյանը վստահ է, որ այն կգործի առավել արդյունավետ, քան ավանդական անասնաշենքերը:
«Մեր քաղաքականության նպատակը ինովացիոն գյուղատնտեսության զարգացումն է: Միայն այն կարող է դարձնել Հայաստանի արտադրանքը մրցունակ և հասցնել ոլորտը հաջողությունների», - նշել է փոխնախարարը:
Միաժամանակ Արտակ Քամալյանը հիշեցրել է, որ ներկայումս ընթացքի մեջ է «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պլանավորված 30 հայտի դիմաց արդեն իսկ ստացվել է 100-ից ավել մասնակցության հայտ հանրապետության տարբեր մարզերից: