Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների միջև հանդիպումը կկայանա օգոստոսին` Սոչիում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:«Այս տարվա օգոստոսին Սոչիում ծրագրվում է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպումը»,- Թեհրանում «Իրանը և Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունը և հեռանկարները» խորագրով համաժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չերբոտարևը:Խոսելով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին, նա ասել է, որ այդ միջանցքը ստրատեգիական բնույթ ունի և մեծ նշանակություն կունենա համաշխարհային հանրության համար, քանզի հնարավոր կդարձնի բեռնափոխադրումները կատարել առավել մատչելի գնով և ավելի հարմարավետ պայմաններով հյուսիսից հարավ և հակառակ ուղղություններով: «Հյուսիս-Հարավ» միջանցքը նպատակ ունի Հյուսիսային Եվրոպան կապել Ասիայի Հարավ-Արևելքի հետ, այդ թվում միավորել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի երկաթգծերը: Առաջին փուլում հնարավոր կլինի այդ միջանցքի միջոցով տեղափոխել 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում` ավելի քան 10 միլիոն տոննա: