Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2018 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին։ «Արդյո՞ք մենք այլևս նման ռիսկերից ապահովագրված ենք, և էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ ապահովագրված են, արդյո՞ք բացահայտված են այդ արտահոսքի աղբյուրները, որովհետև եթե ԱԱԾ տնօրենն է այդպիսի ռիսկի ենթարկվում, ապա ի՞նչ խոսենք քաղաքացիների մասին»,- ասաց նա:
Ի պատասխան`Վանեցյանը նշեց, որ հայտնի գաղտնալսումների հետ կապված խոսվել է շատ-շատ, հավելեց, որ գործի բացահայտման մասին զերծ կմնա որևէ մեկնաբանություն անելուց, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում։
«Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը, ապա ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է»,- պարզաբանեց նա և մանրամասնեց, որ հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ երկրների առաջնորդներ, պետական պաշտոնյաներ, և հազարավորների մասին էլ չեն բարձրաձայնել։
«Բայց մինչև հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը ԱԱԾ-ն տեղի ՏՏ մասնագետների հետ սկսել էր մշակել ծրագիր, որը պետք է զերծ պահեր ցանկացած տիպի գաղտնալսումից։ Ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածով գաղտնալսումը»,- հայտնեց ԱԱԾ տնօրենը։
Նա նաև պարզաբենց, որ այն ամբողջությամբ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ-ի շենքում և գաղտնագրվում է ամբողջությամբ։ «Անգամ եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, անհնար է, այդ տիպի հավելված ունենք։ Աշխատանքային անունը ԱԱԾ է», - ասաց Վանեցյանը` ավելացնելով, որ հետագայում եթե այն արդարացրեց իրեն, պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որը պետք է օգտվի դրանից։
Վանեցյանն ընդգծեց նաև, որ հայտնի գաղտնալսման ժամանակ էլ պաշտպանված էին իր խոսակցությունները, ուղղակի խնդիրն այն էր, որ ինքը դրսում էր և օգտվում էր ուղիղ, բաց ռոումինգի կապից: «Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկն ավել-պակաս չխոսի»,- նշեց նա: