Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը, այս բնույթի հանցագործությունների նախականխումն ու կանխումը, ինչպես նաև դրանց նպաստող պայմանների, պատճառների վերհանումն ու վերացումը մնում են ՀՀ դատախազության հիմնական անփոփոխ առաջնահերթություններից մեկը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդող տարվա համեմատ 2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է (2019թ. ընթացիկ վիճակը ամփոփման փուլում է): Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված հանցագործության 403 դեպք, ապա 2018թ. արձանագրվել է նման 359 դեպք, այսինքն նվազումը եղել է 44 դեպքով կամ 12%-ով: 17-ով կամ 5%-ով նվազել է նաև հանցանք կատարած, իսկ 19.3%-ով՝ դատապարտված անչափահասների թիվը:
Չնայած այս դրական միտումներին՝ 2018թ. աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված առանձին վտանգավոր հանցատեսակներով, մասնավորապես սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, կողոպուտի դեպքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ 2019թ. Դատախազության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների կանխարգելմանը, անչափահասներին հանցավոր արարքներից զերծ պահելուն և այդ նպատակով շահագրգիռ իրավասու մարմինների հետ համագործակցությունն ակտիվացնելուն միտված միջոցառումների իրականացումը:
Այդ նպատակով նախորդ 5 ամիսների ընթացքում մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից պլանավորվել և կազմակերպվել են դատախազների այցելություններ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են կայացել աշակերտների, մանկավարժական կոլեկտիվների մասնացկությամբ:
Հանդիպումների ընթացքում աշակերտներին մատչելի բացատրվել է անչափահասներին իրավախախտման մղելուն նպաստող ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը, ներկայացվել են դրանց քրեաիրավական հետևանքները: Խոսվել է անչափահասի կողմից ալկոհոլ և ծխախոտ գնելու արգելքի, դրանցից բխող անբարենպաստ հետևանքների առաջացման անխուսափելիության, ինչպես նաև դրանց վաճառքի համար նախատեսված պատասխանատվության մասին: Հանդիպումների ընթացքում դատախազներն աշակերտներին նաև իրազեկում են անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:
Ուսհաստատությունների մանկավարժների հետ հանդիպումներում շեշտը դրվում է անձնային հատկանիշների, դաստիարակության և զարգացման սոցիալական, ընտանեկան, կրթական առանձնահատկությունների հաշվառմամբ երեխաներին հանցավորության մղող գործոնների նկատմամբ հսկողությունը չթուլացնելու վրա: Հատուկ ուշադրություն է հրավիրվում ծնողների անմիջական մասնակցությամբ սոցիալական ցանցերից անչափահասների օգտվելու նվազագույն կանոնների պահպանման անհրաժեշտությանը՝ հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք և նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու, անչափահասների գիտակցության և վարքագծի վրա ազդող հանցածին տեղեկատվության վտանգների տեսանկյունից: Առաջարկվում է լուրջ հսկողություն սահմանել շեղվող վարքագիծ դրսևորող, դասերից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ:
Դատախազության տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում նաև շահագրգիռ այլ կառույցների՝ Ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գծով ծառայության աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Դրանց ընթացքում դատախազների կողմից նախանշվում են այս օղակների միջև համագործակցության կոնկրետ խնդիրներն ու ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի և անբերանպաստ պայմաններում, անհաշտ ընտանիքներում ապրող, հակաիրավական վարքագիծ դրսևորող և հանցավոր ենթամշակույթների կանոններին հարող անչափահասների, նրանց ընտանիքի անդամների հետ անհատական աշխատանքներին:
Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազությունը նաև որդեգրել է առանձին ուղղություններով անչափահասների առնչությամբ քրեական քաղաքականությունը վերանայելու ուղեգիծ: Մասնավորապես, դատախազության կողմից խստացվել է անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու քրեադատավարական պրակտիկան: Դատախազներին հանձնարարվել է անչափահաս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ քննարկել «հսկողության հանձնել» խափանման միջոցը կիրառելու հարցը: Համաձայն նոր քաղաքականության՝ առաջին անգամ միջին ծանրության և ծանր հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է ընտրվել բացառապես այն դեպքերում, երբ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները փաստում են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու հետ կապված խափանման միջոցների պայմանները խախտելու մասին: Այս մոտեցման արդյունքում գործնականում գրեթե բացառվել են անչափահասների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը:
Դատախազության նախաձեռնությամբ հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ պատժողական քաղաքականությունը փոխվում է դեպի ազատազրկման ձևով պատժի նվազեցումը, հանցանք կատարած անչափահասներին ուղղելու առավել արդյունավետ քրեաիրավական գործիքակազմի կիրառումը: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է, որպեսզի անչափահասների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատախազները հատուկ ուշադրություն դարձնեն նրանց ուղղմանը նպաստող լրացուցիչ պարտականությունների սահմանմանը, պատժի փոխարեն քրեաիրավական ներգործության այլ՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմանը:
2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը շարունակում է նշված ուղղություններով քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեությունը: